Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Կան զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:
Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ:
Փաստենք, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի․ Թաթոյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ․ ՊՆ
- Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին