Թերթը թողնում եմ սեղանին, որ պարոն Խաչատրյանը մի քիչ իր կենսագրությունը հիշի. Գեղամ Մանուկյան
«Ատեստացիայի բուն նպատակը, որը նորություն չէ մեր կառավարման համակարգում, հատկապես՝ ուժային կառույցներում, որակական փոփոխություններ մտցնելը, պաշտոնին համապատասխանելը, պաշտոնեական առաջխաղացման որակավարման բարձրացման համար է, այնինչ հիմա ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է դեպի լոկ աշխատավարձը»,-Աժ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով Ոստիկանությունում ատեստացիաների միջոցով հավելավճարներ ապահովող օրինագծի քննարկման ժամանակ:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ երբ այդ օրինագիծը բերվեց ԱԺ՝ միանգամից իր մտքով անցավ հարյուրավոր այն ոստիկանները, որոնք գիշերները ԱԺ-ի հարևանությամբ ավտոբուսներում են քնում:
«Տիկին փոխնախարար, Բաղրամյան փողոցով, որ գնաք, կտեսնեք, որ այնտեղ խցանում է: 4 ավտոբուս ներքին զորքերից բերել լցրել են՝ չգիտես՝ ինչու: Ենթադրում եմ, որ մեկը գրառում էր արել. «Եկեք գնան ԱԺ-ի մոտ»: Հիմա վախեցած են: Երեք տարի է Նիկոլ Փաշինյանի հետևից հազարավոր ոստիկաններ են ման տալիս՝ փոխանակ ոստիկանները զբաղվեն իրենց բուն գործով»,-նախագիծը զեկուցող ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին դիմեց Մանուկյանը և հավելեց. «Կառավարության մի շենքից մյուսը գնալու համար 4000 ոստիկան կառավարության երկու մասնաշենքերը շրջափակում էին: էդ էլ՝ 600 հազար քվե ստացող, ազատ շրջող Նիկոլ Փաշինյանի մասին»:
Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ հանդես եկավ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, որը քննադատեց արտերկրից կուսակցությունների ֆինանսավորումը և նախկին կոռուպցիոն երևույթները:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ իր արխիվում գտել է 2010 թվականի թերթ, որի առաջին էջում գրված է, թե Վիգեն Խաչատրյանը մի քանի տարի աշխատելով Միկա Բաղդասարովի մոտ, ազատվել է պաշտոնից:
«Անդրանիկ Քոչարյանին ասեք, կասի՝ կոռուպցիա, Միկա Բաղդասարով… Թերթը թողնում եմ սեղանին, որ պարոն Խաչատրյանը մի քիչ իր կենսագրությունը հիշի, չասած նրա՝ սփյուռքից ֆինանսավորվող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար լինելը»,-հայտարարեց Մանուկյանը և թերթը հանձնեց Վիգեն Խաչատրյանին::
Հարակից հրապարակումներ`
- Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակներում.Սեյրան Օհանյան
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի