Ադրբեջանցի զինվորն իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից. Փաշինյան
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի իր ծառայակցի հետ փախուստի էր դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակցիների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել ադրբեջանցի երկու զինծառայողների՝ Հայաստան մուտք գործելու մասին և արդյո՞ք հնարավոր է ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փոխանակվի Բաքվում պահվող հայ գերիների հետ։
Փաշինյանի խոսքով, ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
«Մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան վերադարձնել։
Զինվորը գոնե այս պահին վերադարձի մասին ցանկություն չի հայտնել, եթե հայտնի արդեն մնացած հարցերը գուցե կքննարկվեն։
Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, հենց սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ ինքը փոշմանել է և ուզում է վերադառնալ»։
Նա նշեց, որ պետք է առանձին քննվի այն հանգամանքը և հետևությունների արվեն, թե ինչպես զինվորները հատել են սահմանը, եկել ու հասել են ինչ-որ տեղեր։
«Ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ Հայաստանի Զինված ուժերի զինծառայողը մոլորվել էր, մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր, մենք գիտեինք, որ նա շփոթվել է ու հատել է սահմանը։ Հետո վերադարձավ։ Նկատի ունեմ, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, նաև կարող է այդպիսի դեպք լինել, չնայած պետք է քննվի ու քննության արդյունքներն օգտագործվեն որպես հետևություն սահմանային անվտանգությունն ապահովելու առումով»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները, ըստ ՀՀ ՊՆ-ի, շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Հստակություն չկա, թե ադրբեջանցիները քանի հոգի են ու ինչ նպատակով են մուտք գործել Հայաստան. Աբրահամյան
- Հայաստան ներխուժած ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացրել Որոտնավանքում
- Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին