«Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, և նոր հրավիրվողներ էլ կլինեն:
Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովին գործունեության քիչ ժամանակ է մնացել, և պետք է արագացնել աշխատանքները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաև հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է ևս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:
Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել և ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»: Այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովին գործունեություն ծավալելու և վերջնական արդյունքներ արձանագրելու համար: Նրանց իրական նպատակը պատերազմի հնարավոր հանցանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում