Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան
«Պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե խաղաղության ուղղված բանակցությունների շրջանակներում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ճանաչում է, ըստ էության, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այս հայտարարությունը որոշ շրջանակներ ներկայացում են որպես հրաժարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավուքնից, ինչպե՞ս կմեկնաբանեք։
Փաշինյանի կարծիքով, այդտեղ կա երկու մաս՝ մինչև մադրիդյան սկզբունքները և մադրիդյան սկզբունքներից հետո. «Ինչու։ Որովհետև մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, Խորհրդային միության փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը. ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը, ստացել են անկախություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն այդ իրավունքն իրացրել է, հետևաբար չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային միությունից։
2007 թվականին ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր և տարածքային ամբողջականության սկզբունքը, և ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Այստեղ շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել։
Ընդ որում, այդ սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ և հավաստի տեղեկությունների, հենց հայկական կողմն է եղել։
Այստեղ հարց է ծագում. եթե Լեռնային Ղարաբաղը մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը... ինքնորոշվել նշանակում է լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդտեղից տեղափոխվել այլ տեղ։ Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո այդ տեղն Ադրբեջանն է հենց Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։
Հետևաբար, այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ ... նույնիսկ թարգմանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ո՞ւմից է ինքնորոշվում։ Սա է այդ քաղաքանության իրական բովանդակությունը և սա մեր մեծագույն բացթողումն է, որ մենք հենց 2018 թվականից հենց այս ամեն ինչով հանդես չենք եկել և մեր ժողովրդին չենք բացատրել»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում այն տեղից, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը:
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունն այդպիսով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Այսօր մենք դրա պտուղներն ենք քաղում»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով, իրենց սխալն է, որ այդ մասին չեն ասել 2018 թվականի մայիսին, մտածել են ինչ-որ ձևերով այս թակարդից հնարավոր է դուրս գալ կամ գոնե իրենց պարտքն է իրենից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար։
«Բայց քանի որ թակարդն, ըստ էության, միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան