Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր. Թալինը սգում է
Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ Թալինում, Գյումրիում, Վայքում սգում են երեկ Սյունիքի Տեղ համայնքում զոհված զինծառայողների մահը։
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։
Մկրտիչ Հարությունյանը Թալինից է, հատուկ ջոկատային է, երկու անչափահաս երեխա ունի։
Երեկվանից նրա ֆեյսբուքյան էջը ողողված է ընկերների, հարազատների՝ իր հետ կապված հիշողություններով, ցավակցություններով, նրան ուղղված գովեստի խոսքերով։
«Մկոն ինտելեկտուալ զինվորականի տեսակ էր։ Ընկերոջը, հայրենիքին, ընտանիքին նվիրված զինվորական։ Մկոյին թևաթափ եղած մի անգամ եմ տեսել. Եռաբլուրում` Սիմոնյան Հովիկին հողին հանձնելիս։
Մկոյի հետ երջանկություն եմ ունեցել շատ շփվելու։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զանգեց, ասեց սա վերջանա հանդիպենք։ Չստացվեց։ Միշտ զբաղված էր ու միշտ առաջին շարքերում։ Թալիշից մինչև Ջրական, ու մինչև Տեղ։ Ավաղ ՏԵՂը վերջինն էր։
Հավերժ փառք քեզ ախպերս։
Մի անգամ ասեցիր, որ Հովոյի գործը կիսատ չի մնալու։ Քո գործն էլ կիսատ չի մնա»,-գրել է Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանը։
Հովոն Մգրոյի (այդպես են ընկերները կոչում Մկրտիչին) ընկերն է։ Հատուկ ջոկատային վաշտի հրամանատար, մայոր Հովիկ Սիմոնյանը՝ հայտնի որպես Սարմատ զոհվել է արցախյան երրորդ պատերազմում։ Մգրոյի էջում տեղադրված են ընկերոջ մասին պատմող բոլոր հաղորդումները, ռեպորտաժները։
«Հընգերս, Մգրոս, գնացիր միացար Սարմատիս։ Մկոս, ցավն անասելի է։ Ազգս կորցրեց իրական հերոսի, որը ոչ մի վայրկյան չերկմտեց՝ տալ կյանքը հանուն հայրենիքի»,-Մկրտիչի էջում գրել է ընկերը՝ Տարոն Մելքոնյանը։
Օգտատեր Հարութ Թաթոսյանը պատմել է, որ Մկրտիչը շատ ուժեղ տղա է, «օրեր առաջ էլի ազիկների հետ բռնված ձեռնամարտում շան սատակ էր արել ազիկներին»։
«Հանգչի՛ր խաղաղ, հերոս ընկեր։
Անձնվեր ու հայրենասեր տիպարիդ օրինակով սերունդներ են դաստիարակվելու։
Իսկ մենք` ընկերներդ, հավերժ պիտի հիշենք քո ազնիվ և առաքինի հոգին»,-գրել է մեկ այլ ընկեր։
Մկրտիչի ֆեյսբուքյան էջում զինվորական համազգեստով լուսանկարներ չկան։ Մի քանի լուսանկար ընկերներն են տեղադրել...
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան