«Ինձ պետք ա էս հինչ Պենը». Ի՞նչ են փնտրում արցախցիները
Այսօր լրացավ չորս ամիսը, ինչ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի մի հատված փակ են պահում ադրբեջանցիները։ Արցախ սնունդը, տնտեսական ու այլ ապրանքներ հասնում են խիստ սահմանափակ քանակով և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Խանութներում պարենային շատ ապրանքներ չկան, արցախցիներն առաջին անհրաժեշտության սնունդը ձեռք են բերում կտրոններով ու քիչ քանակությամբ։ Խանութներում հաճախ իրենց անհրաժեշտ բանը չգտնելով՝ սոցցանցերում են դիմում են հայրենակիցների օգնությանը, հետաքրքրվում, թե որտեղից կարելի է ձեռք բերել այն։
«Ինձ պետք ա էս հինչ Պենը» ֆեյսբուքյան խմբում վերջին գրառումն արվել է մի քանի րոպե առաջ. «Բրինձ որտե՞ղ կա»։ Երեք օգտատեր արձագանքել են՝ նշելով երկու խանութի անուն։
Մի քանի ժամ առաջ մեկ այլ օգտատեր հարցրել է՝ որտեղի՞ց կարող է գտնել գարուխ, մայոնեզ, զեյթուն, ամանի հեղուկ, ավել։ Մեկ ուրիշը վարսակի փաթիլ է փնտրում, մեկնաբանություններում փնտրողները պլյուսներ են շարել։ Մեծ պահանջարկ ունի նաև սոդան։
Երեկ մեկ այլ արցախցի մրգային յոգուրտ էր փնտրում. «Ժողովուրդ քաղաքում մրգային յոգուրտ շտղա կարիմ ինքոնիմ ? Հիվանդի հետիա, սրոչնի պետք ա»։ Մեկնաբանություններում մի կին պատրաստակամություն է հայտնել իր ունեցած մեկ տուփը փոխանցել հիվանդին։
Մայոնեզ փնտրող կնոջն էլ ուղղորդել են Ասկերան, ապա մեկ այլ արցախցի պատրաստակամություն է հայտնել մի տուփ փոխանցել փնտրողին։
90-ականների սկզբին տարածված էլեկտրական քարե այս սալօջախներն (պլիտա) արցախացիների կենցաղ են վերադարձել։ Մի կին փնտրում է պլիտա սարքողի։ Մեկ ուրիշը էլելտրական եռացուցիչ (кипятильник) է փնտրում։
Շատ հաճախ փնտրում են 1-2 սենյականոց վարձով բնակարան մայրաքաղաք Ստեփանակերտում, աշխատանք, հազվադեպ՝ վարձույթով տոնական զգեստ, դիմահարդարման միջոցներ, վերջին զանգի համար նախատեսված ժապավեններ...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան