Տրետյակովյան պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներին՝ պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Տատյանա Կարպովայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, Տրետյակովյան պատկերասրահի ներկայացուցիչներ:
Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննարկելու Տրետյակովյան պատկերասրահում Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Տրետյակովյան պատկերասրահի հետ հայկական կողմի համագործակցությունը:
«Վստահ եմ՝ կհաջողեք այս նախաձեռնության իրականացման հարցում և ձեր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվի: Կառավարությունը պատրաստ է աջակցել դրա շարունակականության ապահովմանը: Թանգարանները, մեր պատկերացմամբ, այժմ ավելի շատ պետք է զբաղվեն նաև գիտական և հետազոտական գործունեությամբ՝ վերածվելով, այսպես կոչված, ինստիտուտների: Կարևորում ենք նաև թանգարանների փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում Ռուսական արվեստի թանգարանը բավական ակտիվ գործունեություն է ծավալում, ինչը շատ գնահատելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում նախատեսվում է անցկացնել 2024 թվականի մարտին:
Պատկերասրահի ներկայացուցիչները կարևորել են անհատական հավաքածուների վրա հիմնված թանգարանների ստեղծումը, ինչպիսին Ռուսական արվեստի թանգարանն է Երևանում: Կողմերի ընդգծմամբ՝ Արամ Աբրահամյանի աշխատանքներն, իսկապես, յուրահատուկ են և հետաքրքիր կլինեն թանգարանի այցելուների համար:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի գնահատմամբ՝ Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդես իրականացնելը մեծ պատիվ է:
Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից թանգարանն անցնելու է կոսմետիկ վերանորոգման փուլ և կվերաբացվի մայիսի 20-ին:
Հանդիպմանը քննարկվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում :
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան