Հայաստան այցելած ադրբեջանցի մարզիկներին տրվել են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ
Ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելու Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այսօր ասուլիսում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը՝ շուրջ 12 հոգի, արդեն ժամանել են Հայաստան՝ մասնակցելու առաջնությանը:
Պատասխանելով ադրբեջանցի մարզիկների անվտանգությանը վերաբերող հարցերին՝ նա ասաց. «Իհարկե, ընդունող երկիրը Հայաստանն է, բայց մրցաշարի կազմակերպիչը Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներն են, որոնց անդամակցում են եվրոպական բոլոր երկրները։
Բոլոր մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարին, մենք պարտավոր ենք ընդունել։ Սա մեծ ու կարևոր հանձնառություն է։ Մենք հայտը ներկայացնելուց ասել ենք՝ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովելու ենք նրանց անվտանգությունը»։
Ա. Հարությունյանի խոսքով, այս ընթացքում կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ կապված գրագրություն են ունեցել, անվտանգային հարցեր են քննարկել եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ և անընդհատ շեշտել են, որ ինչպես մյուս մարզիկների, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը պատրաստ են ապահովել։
«Անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են խնդրել գործընկերները, մենք դա էլ ենք ապահովել։ Այսինքն բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մարզիկների անվտանգությունն ապահովելու համար, մենք իրականացրել ենք։
Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը։
Իսկ անվտանգության լրացուցիչ երաշիքները, ըստ նրա, օդանավակայանում դիմավորելուն, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացուն են վերաբերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան