Քաղաքապետարանից ասում են՝ երբ ուզեն, մեկ անձից գնում կկատարեն
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը օրերս գրառում էր արել, ըստ որի՝ «Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ․ մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89.280.000 դրամով։
Մեկ անձից գնումով միջոցառում կազմակերպվել էր նաև գիրք նվիրելու օրը՝ 35.000.000 դրամով»։
Նա նաև նշել էր, որ «համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ մեկ անձից գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ»։
Panorama.am-ը գրավոր մի քանի հարց ուղղեց քաղաքապետարան (պետական գերատեսչությունն էր գրավոր պահանջել).
1. Ինչո՞ւ է քաղաքապետարանը գնում կատարել մեկ անձից և ինչպե՞ս են ընտրվել հենց այդ ընկերությունները։
2. Մեկ համերգի կազմակերպման համար անհրաժեշտ գումարի չափը ինչպե՞ս է հաշվարկվում։
3. Շատերը մեկ անձից գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, ինչպե՞ս կարձագանքեք այդ կասկածներին։
Քաղաքապետարանի պատասխանում նշված է.
«Երևանի քաղաքապետարանը, իրեն վերապահված լիազորությունների և իրավասությունների շրջանակում իրականացնում է համապետական մշակութային, մարզական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումների կազմակերպման գործառույթներ («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդված, 2-րդ մաս, 1-ին կետ):
Քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակում, գործող ընթացակարգի համաձայն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում քննարկվել և հավանության է արժանացել «Բեգրաունդ» ՍՊԸ-ի՝ 27.01.2023թ. գրությամբ ներկայացված առաջարկությունը՝ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Գաֆեսճեան քանդակների պուրակի (Կասկադ համալիր) տարածքում ջազային համերգային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի կողմից նախագծի իրականացման համար հիմք են հանդիսացել ներկայացված ծրագրի գեղարվեստական հայեցակարգն ու բովանդակությունը, մասշտաբայնությունը, Ջազի միջազգային օրվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված մշակութային ծրագիրը բարձր մակարդակով իրականացնելու, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի մշակութային ժամանցն առավել բովանդակալից դարձնելու, ինչպես նաև քաղաքային միջավայրում ջազային երաժշտարվեստի արժևորման և հանրահռչակման կարևորությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը նոր բովանդակություն հաղորդելու, այն նոր ձևաչափով և գեղարվեստական նոր լուծումներով իրականացնելու, աշխարհի «ջազային» քաղաքների շարքում Երևանի դիրքավորման անհրաժեշտությունը, մասնակիցների կազմը (արտերկրից ժամանող աշխարհահռչակ շուրջ 20 երաժիշտներ, որոնց թվում են՝ լեգենդար Էրիկ Տրյուֆազը, Դաֆեր Յուսեֆը, «Պիանոֆորտե» համույթը, ինչպես նաև հայկական ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, «Կատուներ» բենդը և այլք):
Ուսումնասիրվել են ներկայացված առաջարկության ֆինանսական բաղադրիչները, կանխատեսվող ոչ ֆինանսական ցուցանիշները, գնային առաջարկները, ծրագրին համարժեքության հարցը, հիմնավորվածությունը և այլն: Բացի այդ, հաշվի են առնվել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների կազմակերպման գործընթացում մրցակցայնության ապահովման, ռոտացիոն սկզբունքով ծրագրերի իրականացումը տարբեր կազմակերպություններին պատվիրակելու նպատակահարմարության հետ կապված հարցերը (նախորդող տարիներին Ջազի միջազգային օրվա առթիվ իրականացվող մշակութային ծրագիրն իրականացվել է այլ կազմակերպության կողմից):
Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության զեկուցագրի հիման վրա, քաղաքապետի կողմից տրվել է հանձնարարարական համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարկվող ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու, ինչպես նաև մշակութային միջոցառման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացը ՀՀ կառավարության 04.05.2017թ. հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի, 4-րդ ենթակետի, ցանկի 33-րդ տողով նախատեսված ընթացակարգով (մեկ անձից գնում կատարելու ձևով) կազմակերպելու վերաբերյալ, որի արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանի և «Բեգրաունդ» ՍՊԸ-ի միջև 20.02.2023թ.-ին կնքվել է ԵՔ-ՄԱԾՁԲ-23/41 ծածկագրով ծառայությունների մատուցման գնման պայմանագիր։
Հարկ ենք համարում նշել, որ հարցման մեջ ներկայացված պնդումը՝ մեկ անձից գնում կատարելու հնարավորությունը արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով կամ միայն մեկ անձից գնում կատարելու հանգամանքով պայմանավորված լինելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:
Գործող իրավակարգավորումների համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու հնարավորություն է ընձեռվում այլ դեպքերում ևս, որոնց թվում է նաև մշակութային և (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը:
Նմանօրինակ գործընթաց իրականացվել է նաև ս/թ փետրվարի 19-ին Շ. Ազնավուրի անվան հրապարակում կայացած՝ «Գիրք նվիրելու օր» միջոցման կազմակերպման շրջանակում:
Առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է գրական արվեստն ու գրահրատարակչությունը խթանող, հանրության շրջանում գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու, հայ գրականության հանրահռչակմանը միտված մշակութային մեծածավալ միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել է համերգային ծրագիր, գործել են գրահրատարակիչների տաղավարներ (գրքերի վաճառքի մինչև 50%-ի չափով սահմանված զեղչերով), մանկական ժամանցի անկյուններ, իրականացվել են հանդիպումներ անվանի մտավորականների հետ, թեմատիկ պանելային քննարկումներ և այլն:
Իրականացված գործընթացի շրջանակում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում քննարկվել և հավանության է արժանացել «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի՝ 15.02.2023թ. գրությամբ ներկայացված առաջարկությունը՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Գրքի տոն» խորագիրը կրող մշակութային միջոցառման իրականացման առաջարկության վերաբերյալ, որի արդյունքում նշված կազմակերպության հետ 17.02.2023թ.-ին կնքվել է ծառայությունների մատուցման գնման պայմանագիր՝ ԵՔ-ՄԱԾՁԲ-23/43 ծածկագրով:
Անդրադառնալով մեկ անձից գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր տեսնելու հետ կապված խնդրին՝ տեղեկացնում ենք, որ գործող իրավակարգավորումներով նախատեսված են գործընթացի կազմակերպման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման մեխանիզմները, որոնց շարունակական լավարկման և կատարելագործման հետ կապված գործընթացներում Երևանի քաղաքապետարանը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մշտապես ունեցել է իր մասնակցությունը, բարձրաձայնել է խնդիրներն ու ներկայացրել առաջարկությունները»։
Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» թերթի. «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է»։
Ինչ վերաբերում է «Ֆակտորի Փրոդաքշն»-ին, այդ ընկերության մասին hetq.am-ը գրում է. «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումների գործընթացին։ Վերջին տարիներին այս ընկերությանն է վստահվել Հայաստանում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։ Ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանական իշխանության այս 5 տարիներին այդ ո՞ր գնումը չի անմրցույթ եղել, նույն՝ «մեկ անձից գնման» կարգով
- Գրավոր. Քաղաքապետարանը մեկ անձից միլիոնավոր դրամների գնումների մասին
- Քաղաքապետարանը մեկ համերգի ու մեկ միջոցառման համար ավելի քան 124 մլն դրամ է ծախսել՝ մեկ անձից գնումով
- «Ժողովուրդ». Պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է
- «Փաստ». «Նիկոլական» Հայաստանում «մեկ անձից գնման ընթացակարգով» ծախսերի մեջ կոռուպցիոն ռիսկեր փնտրելու առանձնապես կարիք էլ չկա
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- «Ժողովուրդ». Մեկ անձից գնումները քննադատող Փաշինյանի իշխանությունը նույն պրակտիկան շարունակում է լայն թափով եւ բացեիբաց
- 3.1 մլդ դրամով մեկ անձից՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, կգնվի 175 մեքենա 4 մարզի նոր պարեկային ծառայությունների համար
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան