Ֆիզիկական անձինք ևս վեց ամսով կօգտվեն ապրանքների անմաքս ներմուծման արտոնությունից
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ Նման որոշում կայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ հնարավորություն տալով ֆիզիկական անձանց ևս վեց ամսով օգտվել առաքանիների անմաքս ներմուծման արտոնությունից։
ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարտի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 107 որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով։
Մինչդեռ Հայաստանում, ըստ Գարիկ Մինասյանի, «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանվել է ավելի խիստ նորմ, և անձնական օգտագործման ապրանքների համար ներմուծման դեպքում կգործի 200 հազար դրամ և 31 կգ արտոնության շեմը։
«Այս արտոնությունից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձնինք՝ բացառապես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու դեպքում, իսկ եթե ներմուծում են այնպիսի ապրանքներ, որոնք անձնական օգտագործման չեն համարվում, ապա տվյալ արտոնությունը ֆիզիկական անձնանց համար չի գործելու»,- ասաց նա։
Միաժամանակ նշվեց, որ քաղաքացիները պատվերներ կարող են անել ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ յուրաքանչյուր օր:
Հարցին՝ ինչպե՞ս հասկանալ՝ մարդն անձնակա՞ն, թե՞ բիզնես նպատակով է գնումներ անում, Գարիկ Մինասյանն ասաց, որ ուսումնասիրում են տվյալ ֆիզիկական անձի ապրանքների ներմուծման հաճախականությունը, ապրանքների բնույթը, քանակը, որի արդյունքում որոշվում է՝ այդ ապրանքը անձնական օգտագործման համար է ներմուծված, թե ոչ։
«Բացի այդ, ունենք 107 որոշմամբ սահմանված հավելված, որտեղ նշված են որոշ ապրանքներ, որոնք անկախ իրենց քանակից, արժեքից չեն համարվում անձնական օգտագործման, մասնավորապես, բժշկական սարքավորւմները»,- նշեց նա։
Գարիկ Մինասյանի խոսքով՝ ֆիզիկական անձինք հիմնականում առցանց գնում են բջջային հեռախոսներ, համակարգիչներ, հագուստ, հարդարման միջոցներ և այլն։ Ինչ վերաբերում է արգելված ապրանքներին, դրանք են՝ թմրանյութեր, հոգեմետ դեղեր և այնպիսի ապրանքներ, որոնք ներմուծումն ընդհանրապես արգելվում է ՀՀ տարածք։
Միաժամանակ նշվեց, որ հայտնաբերում են նաև ձեռնարկատիրական գործունեության դեպքեր, երբ ֆիզիկական անձը ապրանքները ներմուծում է ոչ անձնական օգտագործման նպատակով։ Այդ դեպքում նրա համար տվյալ արտոնությունը չի գործում, և քաղաքացին լրացնում է հայտարարագիր, կատարում մաքսային վճարներ։
Դիտարկմանը, թե արդյոք այս արտոնությունը հոկտեմբերից հետո նորից կերկարաձգվի, ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ դեռ պարզ չէ՝ հնարավոր է երկարացնեն կամ էլ այլևս չգործի. որոշում կայացնողը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է։
Անդրադառնալով օնլայն առևտրին՝ Գարիկ Մինասյանն ասաց, որ տարեցտարի, նույնիսկ ամեն ամիս առևտրի ծավալներն ավելանում են, քանի որ մարդկանց ավելի հարմար է օտարերկրյա կայքերից գնումներ իրականացնել։ «Արտոնության շեմն էլ նպաստել է ծավալների աճին»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ հիմնականում ապրանքներ ներմուծում են Չինաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական մի քանի երկրներից։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը երկարաձգվել է մինչև 2023 թ-ի հոկտեմբերի 1-ը
- ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան
- Գարիկ Մինասյան. Առցանց անմաքս առևտրի 200 հազար դրամի շեմը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը
- Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
- Անմաքս առևտրի շեմը ՀՀ դեպքում կլինի ոչ թե 1000 եվրո, այլ մոտ 400. ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան