Նրանք, ովքեր չեն կարող նպաստել այդ կարևորագույն նպատակի իրագործմանը, պետք է չխանգարեն․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հանդիպել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ Կառավարությունից։
«Հանդիպման ընթացքում պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակիցներին Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում կատարած և իրականացվող աշխատանքի համար։
Ներկայացնելով հիմնադրամի նորանշանակ ղեկավարին, պետական նախարարը նշել է, որ հիմնադրամի հետ կապված կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանրային գնահատականներ, մի շարք անընդունելի երևույթների մասին տեղյակ է անձամբ, որոնց մասին արդեն հայտնել է նոր ղեկավարին: Հիմնադրամի ամբողջ անձնակազմի խնդիրն է՝ կատարել այնպիսի աշխատանք և ցուցաբերել այնպիսի մոտեցում, որը թույլ կտա այդ մարմնին հանրությանը ներկայանալու կերպարանափոխված ու վստահելի տեսքով, արդյունավետ աշխատանքով:
«Նրանք, ովքեր չեն կարող նպաստել այդ կարևորագույն նպատակի իրագործմանը կամ ի վիճակի չեն, պետք է հասկանան այդ հանգամանքը և չխանգարեն ընդհանուր նպատակի իրացմանը»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Պետական նախարարը վերջում նշել է, որ ուրախ է այն բանի համար, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում հաջողվել է աշխատանքը կազմակերպել այնպես, որ հիմնադրամը ունենա ներքին միջոցներ ու իր առջև դրված խնդիրները փորձի լուծել առանց հավելյալ փոխառությունների կամ պետական աջակցության: Այս գործելաոճը պետք է զարգացնել ու հիմնադրամի գործունեությանը ակտիվություն հաղորդել»,- տեղեկացնում են Կառավարությունից: