Հայաստանում 550-ից ավելի հուշարձաններ վտանգված են. Վանյան
Հայաստանի տարածքում ավելի քան 25 հազար հուշարձան է հաշվառված։ 2022 թվականի տվյալներով, 550-ից ավելի հուշարձաններ վտանգված են, հրատապ միջամտության ու վերականգնման կարիք ունեն։ Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Նա հայտնեց, որ հենց այս վտանգված հուշարձանների ցանկից են ընտրում այն հուշարձանները, որոնք պետք է վերականգնվեն տվյալ տարվա բյուջեով հատկացվելիք գումարով։
«Բոլոր վերականգնվող հուշարձանները վտանգված են, հրատապ միջամտության կարիք ունեն։ Նաև հատուկ ուշադրություն է դարձվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին, նախկինում կիսատ մնացած վերականգնումներն ավարտելուն և հուշարձաններն ամբողջական տեսքի բերելուն»,- ասաց Հ.Վանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում այն հուշարձանները, որոնք պետք է վերականգնվեն կոնկրետ տվյալ թվականին։
Նա հայտնեց, որ այս տարի հուշարձանների վերականգնման համար պետբյուջեից հատկացված է մոտ 400 միլիոն դրամ, չհաշված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերականգնմանն ուղղված ևս 260 միլիոն դրամը։
Վանյանի ներկայացմամբ, 400 միլիոնի մեջ ներառված է Արմավիր մարզի Այգեշատի Թարգմանչած եկեղեցու, Փարպիի Ծիրանավոր եկեղեցու վերականգնումը, Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները, Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները, Տեղ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը։
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ասաց, որ նախորդ տարի հուշարձանների վերականգնման համար հատկացվել է մոտ 200 միլիոն դրամ, 100 միլիոն դրամ պեղումների և նախագծերի համար։
«Այս տարվա ընթացում ընթացիկ ծրագրերով հատկացումները գումարելով՝ ընդհանուր 1 միլիարդ դրամի կմոտենա»,- նշեց Վանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հապաղելու դեպքում՝ միջնադարի ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքն ընդհանրապես կավերվի
- Ավելի քան 61 հազար թանգարանային ցուցանմուշ վերականգնման կարիք ունի