Երբ պետք է դիմել մանկական հոգեբանի
Նախորդ տարիների համեմատ հոգեբանին սկսել են ավելի հաճախ դիմել, այդուհանդերձ հասարակության մեջ դեռևս կա թյուր պատկերացում հոգեբանի մասնագիտության, գործառույթների մասին:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից մանրամասնում են՝ հոգեբանը մասնագետ է, որն ունի բարձրագույն հոգեբանական մասնագիտական կրթություն,տիրապետում է անձի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը վերաբերվող գիտելիքների և կարողությունների։ Աշխատում է հոգեբանական այն խնդիրների հետ, որոնք հիվանդություն չեն և չունեն ախտաբանական հիմքեր:
Խորհրդատվության ընթացքում չի օգտագործում դեղեր, այլ բժշկական միջամտություններ:
Կարող է իրականացնել սոցիալ-հոգեբանական օգնություն հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Մասնագետի խնդիրը հաճախ ներառում է ծնողի և երեխայի միջև հուզական կապ հաստատելը:
Մանկական հոգեբանի օգնությունը արդիական է նաև, երբ երեխան շփվում է հասակակիցների հետ։
Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանի փոխանցմամբ` հաճախ թվում է միայն մեծահասակը կամ դեռահասը օգնության կարիք ունի, բայց անբարենպաստ հուզական վիճակ կարող է առաջանալ նաև ավելի վաղ տարիքում։
Կարևոր է, որ ծնողները դա ժամանակին նկատեն և դիմեն մասնագետի։
Հոգեբանական աջակցությունը անհրաժեշտ է, երբ երեխայի մոտ առկա է.
• Վարքային խանգարումներ
• Բարձր տագնապայնության
• Վախեր
• Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
• Զարգացման խանգարումներ
• Մանկական աուտիզմ
• Հետտրավմատիկ սթրես
• Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
• Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
• Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
• Կակազություն, խոսքի խնդիրներ
• Անհանգիստ քուն
• Ուշադրության կենտրոնացման խնդիրներ
• Հասակակիցների հետ շփման խնդիրներ
• Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
• Քաշի խանգարումներ
• Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)
• Դեռահասների մասնագիտական կողմնորոշում
• Ինքնագնահատականի, ինքնընկալման հետ կապված խնդիրներ։
Այս խնդիրները, որպես կանոն, լուծվում են հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ միջամտության շրջանակում:
Պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորինս արագ վերականգնել ներքին անդորրը: