Հայկական կողմը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։ Իր ելույթում նա նշել է․
«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը եւ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման եւ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:
Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռեւս չի վերաճել հումանիտար աղետի:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային եւ երկարաժամկետ դեգրադացիայի:
Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ:
Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում:
Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:
Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:
Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարևաններից եւ ոչ մեկի նկատմամբ և պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով»:
Ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Սիմոնյանը տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են այսօր։
«Ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՝ ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները պետք է այսօր հանդիպեն», - ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի իր գործընկերոջը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին