Կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է. Արա Խզմալյան
«Տարին հագեցած է շատ կարևոր հոբելյանական տարեթվերով։ Բացի Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը, տարին նշանավորում ենք նաև անիմացիոն արվեստի 85-ամյակով, նշում ենք մեր մեծանուն արվեստագետի՝ լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 85-ամյակը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նրա խոսքով, կինոն միայն արվեստ չէ, անգերազանցելի լծակ է, անգերազանցելի գործիքակազմ է երկրի միջազգայնացման, միջազգային համագործակցությունն ընդլայնելու, քաղաքական կամ, այսպես ասած, փափուկ ուժի կիրառման տեսակետից և հենց այս գիտակցումից է, որ իրենք հոբելյանական տարեթիվը դիտում են որպես կինոարվեստի և անցյալի վերաիմաստավորման, և ներկայի խնդիրները մեղմացնելու, և ապագան կանխանշելու մի փայլուն առիթ։
Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանական օրացույց և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, Խզմալյանի տեղեկացմամբ, այս տարի նախատեսվում է նաև միջազգային գիտաժողով։
Փոխնախարարն ասաց, որ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի համատեքստում էականորեն բարձրացել են կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանը հատկացվող պետական միջոցները։ 2023 թվականին կինոնկարների արտադրության բյուջեն աճել է 70 տոկոսի չափով՝ 199 միլիոնից դառնալով 478 միլիոն, իսկ կինոժառանգության հատկացումները 90 տոկոսով՝ կազմելով 93 միլիոն։
Ա. Խզմալյանի խոսքով, շատ մեծ բացթողում ունեն մեր ազգային արժեքների միջազգայնացման և հանրահռչակման տեսակետից, և ստեղծել են հատուկ դրամաշնորհային անվանակարգ՝ փորձելով մեղմել այս մեծ բացը ոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան