Անդրակիկ Շեգունցի հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում․ Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը գրում է.
«Անդրակիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից:
Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1,5 հեկտար հողատարածքը։
Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաև պահանջվող մյուս բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ հողատարածքը 2003 թվականից պատկանում է հենց իրեն։ Վարկով վերցրած գումարով ցորեն է աճեցրել, մշակել հողատարածքը, բայց հիմա հողատարածքում ադրբեջանական զինված ծառայողներն են, մոտենալ անգամ չի կարողանում։
Շեգունցների 13-հոգանոց ընտանիքը զրկվել է ապրուստի հիմնական միջոցից։ Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայության պայմաններում ընտանիքը չի կարողանում զբաղվել նաեւ անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Այս հարցերը նույնպես տեղ կգտնեն մեր զեկույցներում ու կդրվեն քայլերի հիմքում:
Խաթարվել է նրա ընտանիքի բնականոն կյանքն ու անվտանգությունը, էականորեն վատացել է սոցիալական վիճակը։ Տեղ համայնքում այսպիսի վիճակում են հայտնվել տասնյակ ընտանիքներ` ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումների եւ անօրինական ներկայության պատճառով:
Սա ընդամենը օրինակներից մեկն է, որ ապացուցում է, որ ադրբեջանական զինված ծառայողները խաթարում են մեր խաղաղ բնակիչների բնականոն կյանքը, անվտանգությունը: Ամեն ինչ պետք է անել նրանց հեռացնելու համար մեր բնակավայրերից ու համայնքների միջև ճանապարհներից, այդ թվում` միջազգային մեխանիզմների գործադրմամբ:»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան