Արսեն Բաբայան. Մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու խոսել զոհվածների ծնողների հետ
«Ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ զոհված տղաների մայրերը կանգնած թրջվում են անձրևի տակ, իսկ մի երիտասարդ՝ Արգիշտի Քյարամյան անունով ազգանունով ուղղակի չի բարեհաճում իջնել ու այս մարդկանց հետ խոսել։ Իսկ նրանք հարցեր ունեն»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը, որն այդտեղ է եկել գործընկերոջ՝ Սոս Հակոբյանի հետ աջակցություն հայտնելու բողոքի ակցիա իրականացնող ծնողներին։
Նա նկատեց՝ ծնողները քննչական կոմիտեից ցանկանում են իմանալ, թե ի՞նչ փուլում է նախաքննությունը, այդ գործով կա՞ն ոստիկանության ծառայության աշխատակիցներ, որոնց մեղադրանք է առաջադրվել։
«Մարդիկ ունեն հարցեր, նրանք սովորական քաղաքացիներ չեն, զոհվածների ծնողներ են։ Քյարամյանին այս պահին ես դիտարկում եմ, որպես սովորական հայ մարդ, բա չիջնե՞ս, խոսե՞ս նրանց հետ։ եկել են, փողոց են փակել, մրսում են, մայրեր են, ամոթ չի՞, չիջնե՞ս։ Կարող է խոսես, համոզիչ մի բան ասես, գնան»,-ասաց Բաբայանը։