Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։
Գեղամ Ստեփանյանն իր դժգոհությունն է արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պաշտպանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան