21-ամյա զինվորականը կասկածվում է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի մեջ
The New York Times թերթը հայտնել է այն անձի անունը, ով կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետևում, որոնք ներկայումս հետաքննվում են Արդարադատության նախարարության և Պենտագոնի կողմից:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, խոսքը Մասաչուսեթսի ազգային գվարդիայի 21-ամյա զինծառայողի մասին է, ով ծառայում է ռազմաօդային ուժերում։ Նա Discord սոցիալական ցանցի մասնավոր չաթի խմբի ղեկավարն է, որը հայտնի է վիդեոխաղերի երկրպագուների շրջանում, ուր նա գաղտնի փաստաթղթերով էր կիսվում իր համախոհների հետ։
The New York Times-ը հայտնում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն մտադիր է հարցաքննել զինվորականին՝ կասկածելով, որ նա տեղեկացված է արտահոսքի մասին:
Հինգշաբթի ավելի վաղ The Washington Post-ը հրապարակել էր մի նյութ, որտեղ խոսում է նրա մասին, թե կոնկրետ ով է համացանցում տեղադրել Պենտագոնի հարյուրավոր գաղտնի փաստաթղթերը և ներկայացնում արտահոսքի ենթադրյալ հեղինակին: Պարբերականի տվյալներով՝ դա կարող է լինել մի երիտասարդ, ով աշխատում է ԱՄՆ ռազմաբազաներից մեկում։
The Washington Post-ը նրան անվանում է «OG»: Նա օգտագործել է այս կեղծանունը՝ Discord հարթակի ներսում շփվելու համար: Ըստ լրագրողների՝ «OG»-ն Thug Shaker Central կոչվող մասնավոր չաթի խմբի ղեկավարն է, որը բաղկացած է 20-30 դեռահասներից և երիտասարդներից, ովքեր հետաքրքրված են զենքերով, տեսախաղերով ու ռասիստական մեմերով։
Պարբերականը գրում է, որ խմբում ընդգրկված են անդամներ ԱՄՆ-ից, Ասիայից և Լատինական Ամերիկայից։
Այս խմբի անդամների բնութագրմամբ՝ «OG»-ն զենքի սիրահար է և պարծենում է, որ հիանալի հրաձիգ է: Նրան հասանելի էր պետական գաղտնի տեղեկատվությունը։
Նախ, նա խմբին պատմել է փաստաթղթերի բովանդակությունը, որոնք հասանելի են նրան, իսկ հետո սկսել է լուսանկարել դրանք և ներբեռնել չաթում:
The Washington Post-ի հետաքննության աղբյուրը մի դեռահաս էր, ով իրեն անվանում է «OG»-ի ընկեր։ Լրագրողները նրա հետ մի քանի հարցազրույց են անցկացրել՝ նրա մոր համաձայնությամբ։ Նա ասել է, որ իշխանություններին չի բացահայտի, թե ով է «OG»-ն ու որտեղ է նա։
Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Discord հարթակը նշել է, որ ընկերությունը համագործակցում է հետաքննության հետ։
CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն նեղացրել է կասկածյալների շրջանակը, ովքեր, իրենց կարծիքով, կարող են ներգրավված լինել արտահոսքի մեջ, և վերջին օրերին հարցաքննություններ է անցկացրել։ Չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթերը հասանելի են եղել մեծ թվով մարդկանց, քննիչները կարողացել են փոքրացնել կասկածյալների շրջանակը՝ փաստաթղթեր փակցնողի դատաբժշկական հետքի պատճառով:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի Վաշինգտոնի գրասենյակը շարունակում է հետաքննել գործը: Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի իրավապահները ձերբակալել են Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածյալ Ջեք Թեյշեյրային վերջինիս տանը խուզարկություն իրականացնելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հետաքննում է գաղտնի փաստաթղթերի արտահոսքը
- ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը համացանցում են հայտնվել դեռ հունվարին. Wall Street Journal
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան