ԱՆ-ն պարզաբանում է. Գրիպով հիվանդները կարող են զենք կրել
Առողջապահության նախարարության երեկվա հաղորդագրությունն արժանացավ մեծ արձագանքի, այդ թվում՝ քննադատությունների։ ԱՆ-ն այսօր ստիպված է եղել նոր պարզաբանում տարածել կապված զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ:
«Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ` նշենք.
Հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:
Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար»։
Հիշեցնենք, որ երեկ ԱՆ-ն հայտարարել էր, որ նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:
Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`
1. հոգեկան խանգարումների տեսակներ
2. նյարդային համակարգի հիվանդություններ
3. վնասվածքների հետևանքներ
4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
6. զարգացման արատներ
7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: