Անկարայում Իրանի դեսպանատունը հերքել է թուրքական Yeni Şafak-ի տարածած լուրը
Թուրքիայում Իրանի դեսպանատունն արձագանքել է թուրքական մերձիշխանական պարբերականներից Yeni Şafak-ի՝ «Իրանից սկանդալային պահանջ «Երջանկություն» կուսակցությանը» վերտառությամբ հոդվածին՝ այն անվանելով «լիովին անհիմն ու մաքուր սուտ»: Ermenihaber.am-ի փոխանցմամբ ՝ ապրիլի 13-ին Yeni Şafak-ը գրել էր, թե Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը, երբ մարտի 28-ին իֆթարին (ընթրիք ռամադան ամսին) հյուրընկալել է ընդդիմադիր «Ազգ» դաշինքի վեց կուսակցություններից մեկի՝ իսլամիստական «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին, պահանջ է ներկայացրել, որը կարող է դիվանագիտական սականդալի պատճառ դառնալ։ Ըստ հոդվածի՝ դեսպանը Քարամոլլաօղլուին ասել է, թե կարևոր է, որ նա աջակցում է նախագահի ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուին, ինչպես նաև ընդգծել է․ «Ընտրություններից հետո մեր ակնկալիքն այն է, որ Թուրքիան ետ քաշի Սիրիայում իր ռազմական ներկայությունը»:
Թուրքական պարբերականի հոդվածում նաև նշվել էր, թե Իրանն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ներկայությունից։ Հատկապես Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու համար սպասում է, որ նախագահական ընտրություններում հաղթի Քըլըչդարօղլուն:
Անկարայում Իրանի դեսպանատունը, հոդվածն անվանելով «լիովին անհիմն ու մաքուր սուտ», նշել է. «Ոչ մի իֆթարի ժամանակ նման հարցեր չեն քննարկվել և անգամ չեն էլ մատնանշվել: Իրանը միշտ հարգել է Թուրքիայի ժողովրդավարական սկզբունքները և չի միջամտել բարեկամ և եղբայրական Թուրքիայի ներքին գործերին: Սիրիայի հարցով Իրանն ու Թուրքիան Աստանայի գործընթացի մասնակիցներից են, վերջերս նաև լարվածության թուլացման համար քառակողմ ձևաչափ է ստեղծվել: Այս երկու ձևաչափերով սերտ համագործակցություն է ծավալվել և ամեն հնարավորության դեպքում շեշտադրվել է, որ պետք է աջակցել այս համագործակցությանը: Բացի այդ, իֆթարի ընթրիքները մեր դեսպանատան հին ավանդույթներից է»: