Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությունը վտանգված է. Գառնիկ Պետրոսյան
Ավելի քան 10 տարի է Արարատյան դաշտում տարածվել և իր «սև գործն» է անում ֆիլոքսերան (որդալվիճ)։ Այսօր Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանն ասաց գյուղոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը։
«Արարատյան դաշտը միշտ համարվել է մաքուր օազիս՝ ֆիլոքսերայից զերծ տարածք, ցավոք սրտի, այդ չարաբաստիկ վնասատուն թափանցել է նաև Արարատյան դաշտավայր և խաղողի այգիների համար լուրջ վտանգ է ներկայացնում»,- ընդգծեց նա։
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ երբ 2000-ականներին մի շարք ընկերություններ փորձ էին անում եվրոպական երկրներից խաղողի տնկանյութեր ձեռքբերել և եվրոպական սորտերից այգիներ հիմնել, ինքը և մի շարք գիտականները փորձել են կանխարգելել այդ տնկանյութերի ներկրումը, մինչդեռ այդ ընկերությունները տարբեր փաստարկներով փորձել են նսեմացնել մասնագիտական կարծիքը։
«Արդյունքում, 2004-2005 թթ-ից եվրապական երկրներից բերվեցին այդ տնկանյութը, հիմնեցին այգիներ ու հիմա այդ նույն այգիներում ևս վարակը տարածվել է»,- ասաց նա։
Ըստ մասնագետի՝ ֆիլոքսերայով վարակված առաջին այգիները հայտնաբերել են Էջմիածնի տարածաշրջանում, թեև ջանքեր են գործադրել վարակի տարածումը կանխարգելելու համար, բայց չի հաջողվել և ֆիլոքսերան տարածվել է նաև այլ բնակավայրեր։
«Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությունը վտանգված է, հետագայում մենք կարող ենք կանգնել շատ լուրջ խնդիրների առաջ»,- նշեց Գառնիկ Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ երբ գյուղատնտեսության փոխնախարարն էր, առաջարկել է FAO-ի (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) հետ համագործակցությամբ Էջմիածնի երկրագործության գիտական կենտրոնում ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութեր ստեղծել և անհատույց տրամադրել այն խաղողագործներին, որոնք ցանկություն կունենային նոր այգիներ հիմնել։ Սակայն, ըստ նրա, այդ ծրագիրն էլ շարունակություն չունեցավ։
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ իր խաղողի այգիները ևս, որոնք գտնվում են Արբաթ գյուղում, ավելի քան 10 տարի վարակված են ֆիլոքսերայով։ Այդ գյուղում, ըստ նրա, մոտ 40 հա խաղողի այգիներից ոչինչ չի մնացել, միայն պահպանվել են տնամերձ այգիների խաղողի վազերը։
«Հեկտարներով խաղողի այգիներ վարակված են ֆիլոքսերայով, պետք է հստակ քայլեր ձեռնարկել»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները