Կոչ ենք անում Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմ
Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ի մասնավորի հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը: Հայտարարության մեջ նշված է․
«Ս.թ. մարտի 31-ին ՀՀ ազգային ժողովի իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել:
Դրանից երկու օր անց սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի կողմից սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է բռնել Մկրտչյանին և թքել է վերջինիս վրա այն բանից հետո, երբ Մկրտչյանն ԱԺ նախագահին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չհերքեց այս տեղեկությունները, այլև անուղղակիորեն հաստատեց դրանք, նախ` այդ կապակցությամբ արդարացման, իսկ հետո` ներողության տեքստեր տարածելով սոցիալական ցանցերում:
Մինչ առաջին միջադեպի հետ կապված քրեադատավարական գործընթացներն իրենց սպասեցնել չտվեցին, և արդեն ս. թ. ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը ներկայացավ Ազգային ժողով պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, երկրորդ դեպքում նույն Գլխավոր դատախազը ցուցաբերում է ակնհայտ անգործություն, և չկա որևէ նշան, որ երկրորդ միջադեպը ևս, առերևույթ հանցակազմի նշաններ պարունակելով հանդերձ, կստանա պատշաճ քրեաիրավական գնահատական: Նշաններ չկան նաև, որ այս հարցով կզբաղվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը:
Եվրամիություն - Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը` մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունն է ընկած Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի հիմքում։ Բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապված, և չկան պաշտպանության ենթակա ավելի կամ պակաս կարևոր իրավունքներ: Կարևոր է ընդգծել նաև, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է որպես Համաձայնագրի էական բաղադրիչ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ժամանցն է վայելում կնոջ հետ
- «Դրամահավաք. Օգնենք Ալեն Սիմոնյանին»
- Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքից. Մանուկյան
- Օգտատերերը՝ ՔԿ-ին. Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի դիտարկվո՞ւմ
- Քրիստինե Վարդանյան. Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի
- Կանադահայ Կարեն Մկրտչյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես է Կասկադում Ալեն Սիմոնյանը թքել իր երեսին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան