«Ֆրանսիացիներն ասում են՝ մենք չկարողացանք պայքարել ֆիլոքսերայի դեմ, դրա համար սովորեցինք ապրել դրա հետ»
Ֆիլոքսերան խնդիր է, սակայն խաղողի այգիները քանդելով խնդիրը չի լուծվում։ Այսօր Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանն ասաց ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը։
Նրա խոսքով՝ տարիներ առաջ երբ հայտնաբերեցին ֆիլոքսերայով վարակված առաջին այգին՝ 3 հա-ի չափ, որն ուներ 4 սեփականատեր, քանդեցին միայն տարիներ հետո, քանի որ սեփականատերերը թույլ չէին տալիս։ «Միայն համաձայնեցին քանդել այն ժամանակ, երբ փոխհատուցում ստացան, սակայն դա տարիներ տևեց, իսկ ֆիլոքսերան չի սպասում և այն սկսեց տարածվել այլ այգիներում»,- նշեց նա։
Այդուհանդերձ, ըստ Արթուր Նիկոյանի, թեև այգիները քանդեցին, սակայն հետագայում հասկացան, որ քանդելն արդյունք չի տալիս, ֆիլոքսերան չի վերանում։ Ավելին, միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսել են, որ, օրինակ, Ֆրանսիան ֆիլոքսերայի պատճառով երկու անգամ ոչնչացրել է երկրի խաղողի այգիները, մի քանի տարի մնացել է առանց խաղող, սակայն հետագայում հասկացել են, որ վնասատուն շարունակում է ապրել այգիներում։
Այսօր, ըստ նրա, ամբողջ Եվրոպայում տարածված է ֆիլոքսերան։
«Ֆրանսիացիներն ասում են՝ մենք չկարողացանք պայքարել ֆիլոքսերայի դեմ, դրա համար սովորեցինք ապրել ֆիլոքսերայի հետ։ Հիմա մենք էլ ենք հասկանում, որ այլընտրանք չկա։ Այն կա, ապրելու է, իր վնասը տալու է, բայց այնքան, որ մեզ շատ չխանգարի։ Ամբողջ աշխարհը գնացել է այն ճանապարհով, որ ֆիլոքսերայով վարակված տարածքներում հիմնում են ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութով խաղողի այգիներ: Մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Արթուր Նիկոյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն անդրադառնալով խաղողի տնկիներին, նշեց, որ ոլորտում վերահսկողություն չկա և վաճառվող տնկիներն ուսումնասիրված չեն, չունեն սերտիֆիկատներ, արդյունքում տարածում են խաղողի այն արտադրությունը, որը հետագայում խաղողագործների համար խնդիրներ է ունենալու։
«Այսօր ունենք ոչ մաքրասորտ այգիներ։ Մենք ասում են, որ հայկական գինին բարձրորակ է, բայց որակը կախված է խաղողից։ Մեզ պետք են այգիներ, որոնցում իսկապես կլինեն հայկական սորտերի խաղող»,- ասաց նա։
Զարուհի Մուրադյանը նշեց նաև, որ այսօր շատ ներդրողներ Հայաստան են ներմուծում խաղողի եվրոպական սորտեր, ինչի արդյունքում աստիճանաբար կորցնում ենք հայկական սրոտերը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող խաղողագործությունը վտանգված է. Գառնիկ Պետրոսյան
- Երբ հապաղում և թերանում է գիտությունը, հայկական խաղողի սորտերի բնօրրան նշվում է Ադրբեջանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան