Աշոտյան. ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Օրերս եվրոպական blankspot.se լրատվականում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակին, որտեղ մի շարք դիտարժան տեղեկատվություններ կան:
Այդ հոդվածում մեջբերված են թե՛ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները ԵՄ առաքելության գործունեության հետ կապված:
Եթե ամփոփենք, ապա.
1. Առաքելության ղեկավարը հայտնել է, որ առաքելությունը մեկ շաբաթ շուտ տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանին իրենց այցելությունների ժամանակացույցի և վայրերի մասին:
Հարց.
Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու դիտորդների այցելության մասին, ապա ի՞նչ են ակնկալում արձանագրել դիտորդները:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ սադրանք այդ ուղղությամբ չի իրականացնելու, քանզի տեղյակ է դիտորդների ներկայության մասին:
Այդ դեպքում ո՞րն է դիտարկելու իմաստն ու արդյունավետությունը:
2. Տոյվո Կլաարը միևնույն հարցին պատասխանելիս հայտնել է, որ ոչ թե մեկ շաբաթ, այլ ՝ շաբաթվա սկզբից 2-3 օր շուտ են տեղեկացնում այցելությունների մասին:
Ի դեպ, այդ հոդվածում Տոյվո Կլաարի և Մարկուս Ռիտտերի մեկնաբանությունների միջև սա միակ տարբերությունը չէ:
Առաջ անցնելով ասեմ, որ ակնհայտ է՝ Կլաարն առավել շատ դիվանագիտական, քաղաքական մեկնաբանություններ է անում, իսկ ԵՄ առաքելության ղեկավարը՝ ծառայողական:
Ուստի, հակված եմ առավել վստահել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տրամադրած տեղեկատվությանը:
3. Ըստ առաքելության ղեկավարի մեկնաբանության՝ Ադրբեջանի հետ կապը պահվում է Տոյվո Կլաարի միջոցով և մի դեպք արդեն իսկ գրանցվել է, երբ Ադրբեջանի նախագահը փոխանցել է Կլաարի միջոցով՝ այցելել Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներից մեկը». այս դրվագն ինքնին զարհուրելի է:
4. Կլաարի մեկնաբանությամբ դա չի արվել Ալիևի խնդրանքով, այլ՝ որպես ընթացիկ մշտադիտարկման ծրագրի մի մաս (ինչպես արդեն նշեցի, հակված եմ վստահել առաքելության ղեկավարին, ոչ թե՝ դեսպանին):
Կլաարը հայտնում է նաև, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա:
Հիշեցնեմ, որ ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները պարբերաբար ժխտում են, որ նման թեմա են քննարկում ադրբեջանցիների հետ:
Ի մի բերելով այս տեղեկատվությունը, կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները.
* Այդպես էլ հայտնի չդարձավ, թե նրանք ինչպես են ուժեղացնում ՀՀ անվտանգությունը:
* Դեռևս հստակեցված չէ իրավական հիմքը՝ երկկողմ պայմանագիրը Հայաստանի հետ, ինչի հիման վրա են նրանք գործում և ինչ հիմքով են տեղեկատվություն փոխանցում Ադրբեջանին:
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում են, ի դեպ, դրա մասին նշում է նաև հոդվածագիրը, որ առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՝ ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի բաց նամակը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին
- Աշոտյան. Ադրբեջանը երբեք չէր գրավի Արցախի մի մասը, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն