Արայիկ Հարությունյան. Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով ծանրամարտի առաջնության մեկնարկին ադրբեջանական դրոշն այրելու միջադեպին, հայտարարել է.
«Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:
Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը:
Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:
Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:
Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին՝ լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման: Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն՝ մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք:
Ուստի, առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից
- ԿԳՄՍՆ. Երևան ժամանած ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել
- Փաստաբան. Նիկոլյանը դիմում չի գրելու, եթե նման բան լինի, հետևելու են դատական գործընթաց
- «Քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ունեցող երկրի, ո՞ր վարկանիշի անկումից եք անհանգստացել»
- Անի Սամսոնյանը՝ Նիկոլյանին. Դուք հերոս չեք
- Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու