«Նվիրատուներ և նվիրատվություններ. Հրաչյա Հակոբյան»՝ ՀԱՊ-ում
Ապրիլի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Նվիրատուներ և նվիրատվություններ. Հրաչյա Հակոբյան» ցուցադրությունը։
Ազգային պատկերասրահի հաղորդմամբ, ցուցադրությունն ընդգրկում է գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի (1935–1982) թեմատիկ պատկերաշարը, ինչպես նաև այլաբանական մեկ հորինվածք. «Կառուցվածքային ընդհանրացված լուծումները, իմաստային խոր վերապրումները նրա կյանքի եզրափակիչ փուլը բնորոշող գործոններն էին և պատկերացում են տալիս հեղինակի նվաճումների մասին: Այս աշխատանքները նկարչի այրու՝ արվեստաբան Վիլենա Մկրտչյանի 2005 թ. և 2022 թ. նվիրաբերած ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ առանձնացող 82 գեղանկարների մաս են կազմում:
Ուշադրության է արժանի «Մասիս» կոշիկի ֆաբրիկայի մշակույթի տան պատվերով 1977 թ. իրականացրած ավարտուն համայնապատկերը (4 մաս), որ կրում է մոնումենտալ-դեկորատիվ բնույթ: Ծավալուն կոմպոզիցիայի զուսպ, բայց նաև արտիստիկ մատուցումը կոշիկի սովորական թեմային առանձին հմայք է հաղորդում: Ընդհանրացված ձևամտածողությանը լրացնելու է գալիս «Սիրուն Հրաչի» արվեստում առանցքային դեր խաղացող արտաքուստ ստատիկ, գունային էքսպրեսիվ շեշտադրությամբ այլաբանական հորինվածքը՝ «Ֆայետոն»-ը (1980), որը լավագույնս ներկայացնում է նկարչի հուզական ներաշխարհն ու ստեղծագործական որոնումները»:
Համադրողն է Հասմիկ Բադալյանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի ձևավորման ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում նկարիչների, նրանց ժառանգների, հավաքորդների նվիրատվությունները մշտապես առանցքային դեր են ունեցել: Դրանք հաճախ ամփոփում-ամբողջացնում են առանձին մենագրական հավաքածուները, օգնում են թանգարանի ֆոնդերը հարստացնել իրական գլուխգործոցներով:
2021 թ. Ազգային պատկերասրահը նախաձեռնեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը, որի հիմնական նպատակներից է՝ ներկայացնել ոչ միայն հայտնի վարպետների ընծայված գործերը, այլև բարձրաձայնել մեկենասների անուններն ու նրանց գործունեության կարևորությունը թանգարանի կյանքում: