«Մեզնից մեկը ստում է». Հերթական բեսթսելլերը թարգմանվել է հայերեն
Newmag հրատարակչությունը թարգմանել ու հրատարակել է ամերիկացի գրող Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» համաշխարհային բեսթսելլերը:
Դետեկտիվ ժանրի գիրքը Բեյվյուի ավագ դպրոցի հինգ աշակերտների մասին է, որոնք պատահաբար կամ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում: Խմբի ուղեղը Բրոնուինն է, որը երբեք ոչ մի օրենք չի խախտել: Երազանքը՝ Յեյլ ընդունվելն է: Ադին խմբի գեղեցկուհին է, որը կոտրում է շիկահերների մասին բոլոր կարծրատիպերը: Նեյթը խմբում ու դպրոցում հանցագործի համբավ ունի: Արդեն հասցրել է խախտել օրենք: Խարիզմատիկ Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Եվ Սայմոնը, որ բոլորի մասին գիտի ամեն ինչ: Նրա ստեղծած բամբասանքի հավելվածը ահ ու սարսափ է տարածում դպրոցում։ Պատժի սենյակ մտնում են հինգը, ողջ են դուրս գալիս միայն չորսը… սպանություն՝ չորս անհայտով:
Հրատարակչությունից մանրամասնում են, որ գիրքը հայերեն թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը: Գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանի խոսքով փորձել են պահպանել երիտասարդներին բնորոշ խոսելու ոճը, բառապաշարը և բերել այն կենդանի հայերենին, որն ականջահաճո է երիտասարդների համար:
«Ես գիրքը և մի շնչով կարդացի, և մի շնչով խմբագրեցի, որովհետև «վազող» գիրք է, բառերը, մտքրեը «վազում են», աշխատում ես արագ խմբագրել, որովհետև տեմպն էլ է արագընթաց: Իմ փորձի ընթացքում այսպիսի եզրահանգման եմ եկել, որ գրքի լեզուն ունի իր տեմպը, և խմբագրելիս նաև այդ տեմպին ես հետևում: Սա այն գրքերից է, որ խմբագրելիս շտապում ես»,-շնորհանդեսի ժամանակ ասել է Մարգարիտ Սարգսյանը:
Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նշում է՝ գիրքը նախատեսված է դեռահասների համար։
«Հայաստանում բացակայում են դեռահասների համար գրված, թարգմանված գրքերը, համաշխարհային բեսթսելերները, դրա համարշատ ուրախ եմ, որ այդ բացը լրացվում է»,-ասել է նա:
«Մեզնից մեկը ստում է» գիրքն ավելի քան 150 շաբաթ եղել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում, թարգմանվել 40-ից ավելի լեզվով, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ: Գրքի հիման վրա Peacock-ը նկարահանել է սերիալ, ինչն ավելի ճանաչված է դարձրել այս գործը:
Հրատարակչությունում կարծում են՝ գրքի հայերեն հրատարակությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանակում։ Վաճառվում է հանրապետության բոլոր գրախանութներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան