ԿԳՄՍՆ. Երևան ժամանած ադրբեջանցի ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։
«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023 թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի մարզիկներին փակված են հյուրանոցում
- Գևորգ Դանիելյան. Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը
- Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են Բաքու
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը
- Հայաստան այցելած ադրբեջանցի մարզիկներին տրվել են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ