Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29):
Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրբ Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո:
Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Ս. Կարապետ վանքը: