Գառնիկ Դանիելյան. Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, քանի հարձակումներ տեղի են ունենում բոլոր մարզերում
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։
Խնդիրը պահանջում է հրատապ լուծում, քանի որ շների կողմից հարձակումներ տեղի են ունենում բոլոր մարզերում և համայնքներում, օրվա գրեթե բոլոր ժամերին։
Խոստացել էի, որ պատասխաններ ստանալու դեպքում անմիջապես կտեղեկացնեմ նաև Ձեզ։
Երևանի քաղաքապետարանը ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ` մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար:
Մասնավորապես՝ առաջիկայում մայրաքաղաքում կստեղծվեն թափառող շների համար նախատեսված կացարաններ։
Ըստ քաղաքապետարանի՝ կացարանների առկայության դեպքում թափառող կենդանիների գլխաքանակը փողոցներում որոշակիորեն կնվազի:
Նշեմ, որ թափառող կենդանիների գլխաքանակը կանոնակարգելու համատեքստում ինքս էլ եմ կարևորել կացարանների կառուցումը, և կարծում եմ, որ եթե մինչ օրս կռահեին դրանց անհրաժեշտության մասին, չէինք ունենա այսպիսի ծայրահեղ իրավիճակ։
Ինչ վերաբերում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, կարծում եմ, որ 2019 թվականից գործող ՀՈԱԿ-ի գործունեությունը արդյունավետ չէ։
Հատկանշական է, որ ոչ վաղ անցյալում ՀՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել էր, որ իրենց մոտ սպառվել էին մի շարք դեղամիջոցներ և բժշկական նյութեր, ինչի արդյունքում վիրահատական միջամտությունները դարձել էին անհնարին։
Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ թափառող կենդանիների ստերջացումը և պատվաստումը իրականացվում է պատշաճ կերպով։
Շարունակելու եմ ուշադրությանս կենտրոնում պահել խնդիրը․ պատկան մարմինների անգործության, ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում չպետք է տուժեն մեր քաղաքացիները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին