Կենսունակ ծառերը չպետք է հատել, պետք է շարունակեն ապրել. Պրոֆեսոր
Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում ։ Մայրաքաղաքի համար կանաչապատ տարածքների ավելացումը, հատկապես օդի բարձր աղտոտվածության պայմաններում, մեծ նշանակություն ունի։ Սակայն տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ դրանց թիվը գնալով նվազում է։ 1990թ. Երևանում մեկ շնչին բաժին է հասել 8,47 քմ կանաչ տարածք։ Իսկ այժմ, մայրաքաղաքում 1 շնչին բաժին ընկնում, լավագույն դեպքում՝ 7,5 քմ կանաչ տարածք, իսկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին՝ ընդամենը 3 քմ (տվյալներն՝ այստեղից): Իսկ ի՞նչ է կատարվում հիմա Երևանում և հատկապես՝ Կենտրոնում։ Պաշտոնական աղբյուրների ցամաձայն՝ հին և հիվանդ ծառերը փոխարինվում են նորով։ Այս հիմնավորմամբ են հատվել Կասկադի, Օպերայի տարածքի , Նայաթ Նովա փողոցների ծառերը։ Շատ մասնագետներ նշում են, որ իսկապես պետք է ծառերի փոխարինման աշխատանքներ տանել, սակայն այն տարիների աշխատանք է և չի կարելի համատարած հատումներ կատարել՝ Երևանն ավելի խեղդելով փոշու մեջ։
Panorama.am-ը զրուցեց Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լիա Օսիպյանի հետ։ Տիկին Օսիպյանը խորհրդային տարիներից ի վեր Երևանի քաղաքում իրականացված կանաչապատման գործում մեծ ավանդ ունի։ Այսօր նա չի կարող անտարբեր մնալ՝ տեսնելով համատարած ծառահատումները։
«Ծառերի ընտրությունը կատարվել է համապատասխան մեր կլիմայական պայմանների։ Մեծ նշանակություն ունեցող ծառատեսակներ են, օրինակ՝ Մաշտոցի պողոտայի վրա տնկված սոսիները, որոնք ապրում են հարյուրավոր տարիներ։ Ինչ վերաբերում է հացենիներին, ապա դրանք ևս երկար են ապրում և տնկվել են , քանի որ ունեն մեծ սաղարթներ, ապահովում են թթվածնով, կլանում են փոշի։ Թեղիները , ճիշտ է, հիվանդանում են, բայց պետք է հետևեն, որ չհիվանդանան։ Կա մասնագիտություն՝ ֆիտոպատոլոգիա, ֆիտոպոտոլոգները համարվում են ծառերի «բժշիկներ»։ Ցավոք, հիմա այս ոլորտի մասնագետներ չկան Հայաստանում, պետք է մտածել այս ուղղությամբ»,- ասաց Օսիպյանը։
Ըստ մասնագետի՝ յուրաքանչյուր ծառ պահանջում է առանձին մոտեցում։
«Պետք է պատկերացում կազմել՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ։ Կենսունակ ծառերը պետք է շարունակեն ապրել»։ ,- նշեց պրոֆեսորը՝ շարունակելով․
«Տասնամյակներ շարունակ անընդհատ խորը հատում է կատարվել և մինչև այժմ ամեն տարի կրկնվում է։ Չի կարելի ամեն տարի խորը հատում կատարել։ Սա է նաև պատճառը, որ ծառը կորցնում է կենսունակությունը»։
Ըստ մասնագետի՝ կան ծառատեսակներ, որոնց դեմ իսկապես պետք է պայքարել, խոսքը «այլանտ» տեսակի մասին է․«Քաղաքում տարածված է մի սարսափելի բույս՝ «այլանտ», այ թե որի դեմ պետք է դուրս գալ անպայման։ Այս բույսը պետք է վերացնել, քանի որ արմատները խորանում են և քանդում գրունտը, գերեզմանատներում է տարածված նաև, քանդում, ավերում են նաև գերեզմանատները։ Այս ինվազիվ տեսակը վերացնելու փոխարեն, հատվում են հաստաբուն և կարևոր նշանակություն ունեցող ծառերը»։
Այլանտ
Օսիպյանը ցավով նշեց, որ այսօր մասնագետների հետ քննարկումներ չեն արվում, մինչդեռ նման աշխատանքներ կատարելիս նախ պետք է ոլորտի մասնագետների հետ քննարկումներ անցկացվեն, որից հետո կազմել գործողությունների երկարաժամկետ պլան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան