Արցախում կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում
Արցախի տարածքում ընթացիկ տարվա տեղումների քանակը նորմայից բավականին ցածր է, ինչը բացասական ազդեցությունն է ունեցել ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մի շարք մշակաբույսերի ցանքատարածությունների վրա: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյան:
«Հանրապետության շրջաններում արդեն իսկ կան աշնանացանի ցանքատարածքներ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և բերքահավաքի ենթակա չեն լինի: Նման հողատարածքներում հողօգտագործողները որոշ դեպքերում նախատեսում են գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնել կամ էլ թողնել սև ցելի տակ»,- տեղեկացրել է Արամ Բադալյանը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին տեղումների քանակի պակասության դեպքում երաշտի վտանգն ավելի կմեծանա: Անդրադառնալով ցանքատարածքներում իրականացվող աշխատանքներին, նա մանրամասնել է, որ Հանրապետության տարածքում մարտի առաջին տասնօրյակից մեկնարկել և այժմ եռուն ընթացքում է այս տարվա բերքի տակ կատարված ցանքսերի խնամքը:
Զուգահեռ շարունակվում են հողօգտագործողներին գարնանացան մշակաբույսերի սերմերի և ցանքատարածությունների նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի տրամադրման գործընթացները:
«Նախորդ տարվա մարտ ամսվա երկրորդ տասնօրյակում գրանցված առատ տեղումները խոչընդոտել էին նախատեսված ժամկետներում ցանքսի իրականացմանը, որին այս տարվա գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ցուցանիշները գերազանցել են շուրջ 5 անգամ»,-մանրամասնել է վարչության պետը:
Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը, սակայն կան նաև բացառություններ։
«Ըստ շրջանների վարչակազմերի կողմից ներկայացված հայտերի, հիմնադրամի կողմից շարունակվում է հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման և սերմերի տրամադրման գործընթացը: Դրանք հիմնականում տրամադրվում են անվճար, բացառությամբ հաճարի և կարտոֆիլի»,- եզրափակել է Ա․ Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան