Ձկնաբույծ նախկին փոխնախարարին Ավինյանը պաշտոնի նշանակեց
Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնակատար։ Գործակարգավարական ընթացող նիստում հայտարարեց նիստը վարոց Տիգրան Ավինյանը ու մանրամասնեց, որ Գրիգորյանը եղել է առողջապահության փոխնախարար։
«Մենք միասին աշխատել ենք Քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Պարոն Գրիգորյան ջան, շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,-ասաց Ավինյանն ու ներկանները ծափահարեցին։
Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց։
Ուշագրավ է, որ Քովիդի ժամանակ առողջապահության փոխնախարար աշխատած Գևորգ Սիմոնյանն էլ նշանակվել էր Երևանի փոխքաղաքապետ։ Նա այժմ չարաշահումների գործով կալանավորված է։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ կոմիտեի, ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
«Հետք»-ն ավելի վաղ գրել էր.
«Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:
«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին: Իսկ 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը, Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը։
Պարզվում է, որ Շավարշ Գրիգորյանը ևս սեր ունի ձկնաբուծության հետ: Նրան է պատկանում խոշոր ձկնաբուծարաններից մեկի` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 16.67%-ը: Այն ձեռք է բերել 2021թ. ապրիլի 2-ին` «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի հիմնադրումից մոտ երկու ամիս առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել
- «Քովիդ»-ի գործով կան նոր ձերբակալվածներ․ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան