44-օրյա պատերազմի մասնակից Արամ Թերզյանը սիրելիին ամուսնության առաջարկ է արել Զինվորի տանը
44-օրյա պատերազմի մասնակիցը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում։
«Արամի կյանքը աղոթագրքի շնորհիվ էր փրկվել, որը ծոցագրպանում էր եղել: Աղոթագիրքն Արամը նվիրել էր Զինվորի տանը, երբ այստեղ մատուռ բացվեց: Հենց այդ մատուռում՝ աղոթագրքի մոտ էլ սիրելիին ամուսնության առաջարկ արեց»,- նշված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
Արամ Թերզյանը շնորհակալություն է հայտնել իր երկրորդ տանը. «Պատիվ ունեմ իմ կյանքի կարևոր որոշումը հենց ձեր հետ, հենց «Զինվորի Տան» աղոթքի անկյունում կայացնելու»։
Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:
«Տնեցիք գիտեին, որ երբ վտանգված է հայրենի եզերքի խաղաղությունը, Արամը օտար հողում հանգիստ չի նստի, կշտապի միանալու հայրենիքի պաշտպաններին: Արամի ազատամարտիկ հայրն արդեն ճակատում էր, և տնեցիները թաքցրին Արամի անձնագիրը, ցանկանալով գոնե այդ կերպ նրան հետ պահել իր մտադրությունից:
Արամը երկվորյակ եղբոր՝ Սայաթի անձնագրով վերադարձավ ծննդավայր ու Գյումրու կամավորական ջոկատի կազմում մեկնեց սահմանաբերան՝ իր հետ տնից վերցնելով միայն Աղոթագիրքը.
-90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, հայրս մշտապես ծոցագրպանում էր պահել աղոթքների այդ գիրքն ու ողջ-առողջ տուն վերադարձել, ու երբ պատերազմ էի գնում, ես էլ որոշեցի Աղոթագիրքը հետս վերցնել: Մի անգամ մեզ քնապարկեր էին ուղարկել թիկունքից՝ մեջը խաչ: Խաչն էլ դրեցի Աղոթագրքիս մեջ ու պահեցի ծոցագրպանումս:
Հոկտեմբերի 10-ին, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, Արամը վիրավորվում է և հրաշքով ողջ մնում. թշնամու գնդակը սրտին չէր հասել՝ շնորհիվ ծոցագրպանում դրված Աղոթագրքի ու խաչի. գնդակը դիպել էր խաչին ու շեղել ուղղությունը՝ վնասելով թևը»,-գրել է hayzinvor.am-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա