Անահիտ Մանասյանին փոխարինել է Եղիազար Ավագյանը
Դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:
Հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները՝ հույս հայտնելով, որ Եղիազար Ավագյանը կշարունակի իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից նախաձեռնված ծրագրերը և բարեփոխումներ ու իր գործունեությամբ կբարձրացնի սահմանված նշաձողը:
«Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի», - ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ
- Անահիտ Մանասյանն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը