Գոռ Սահակյան. Հավատում էի հաղթանակին
«Պայքարը թեժ էր»,-Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գոռ Սահակյանը։
Նա նշեց՝ պատասխանատվությունը շատ մեծ էր։
«Հավատում էի հաղթանակին, շատ քրտնաջան աշխատել եմ Երիտասարդական Եվրոպայի առաջնությունից հետո։ Շատ ուրախ եմ։ Տպավորություններս հիանալի են։ Սրան էի սպասում, շնորհակալ եմ երկրպագուներիս, նրանց, ովքեր ինձ հավատացել են ու երկրպագել են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:
Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել: Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Երրորդ մոտեցումից Գոռը հրաժարվել է:
Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան