«Մանթաշյանց»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. մոտ ապագայում մասնաճյուղեր կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում
«Մանթաշյանց» գործարարների միության նպատակն է օգտակար լինել հայկական բիզնեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և մոտ ապագայում նախատեսում է մասնաճյուղեր բացել աշխարհի տասնյակ քաղաքներում։ Այս մասին «Մանթաշյանց» գործարարների միության հերթական business weekend-ի ժամանակ ասաց միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը։
Նշենք, որ հանգստյան օրերին Հանքավանի՝ Նաիրի Սպա ռեզորթում տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական business weekend-ը։ Նման ձևաչափով հանդիպումներ միությունն իրականացնում է յուրաքանչյուր երկու ամիսը մեկ, վերջինս մեկտեղում է կրթական բաղադրիչ, նեթվորք, ժամանց։ Բիզնես ուիքենդին ներկա էին գործարարներ Հայաստանի և արտերկրի մասնաճյուղերից։
Վահրամ Միրաքյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը գործարարների միջև ամուր գործարար կապեր ստեղծելու առումով, նշեց, որ մեկ հարկի տակ հավաքելով Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, մեկ անգամ ևս հնարավորություն են տալիս ծանոթանալ, բիզնես կապեր հաստատել միմյանց հետ։ Բացի այդ, ըստ նրա, այն օգնում է, որ մարդիկ սկսեն իրար հետ ավելի արդյունավետ աշխատել, ավելի լավ գաղափարներ առաջ քաշել։
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են մանթաշյանցիները միմյանց հետ համագործակցելու արդյունքում բազմապատկել իրենց բիզնեսի շրջանառությունը։
Ամփոփելով նախորդ ամիսների ընթացքում իրենց կատարած աշխատանքներն ու ապագայի ծրագրերը՝ Վահրամ Միրաքյանը նախ ասաց, որ վերջին ամիսների ընթացքում ունեցել են 60 միջոցառում միայն Երևանում, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի կրթական ծրագրեր են իրականացրել ակումբի անդամների համար։
Անդրադառնալով մասնաճյուղերին՝ նա նշեց, որ միությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Լոռիում, Արցախում, Դուբայում, Մոսկվայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում: Շուտով նոր մասնաճյուղեր կբացվեն Տավուշում, Սյունիքում, Թբիլիսիում, Թեհրանում, Ուկրաինայում, Դոնի Ռոստովում և Լոնդոնում։ Արդեն 400 անդամ ունեցող «Մանթաշյանց» գործարարների միությունը նախատեսում է մինչև տարեվերջ ընդհանուր առմամբ բացել 20 մասնաճյուղ, իսկ մինչև 2025 թ-ը մասնաճյուղերի թիվը հասցնել 50-ի ամբողջ աշխարհում։ Դա նշանակում է, որ կավելանա նաև միությանն անդամակցող գործարարների թիվը։
Վահրամ Միրաքյանը հիշեցրեց, որ «Մանթաշյանց»-ին կարող են միանալ միջին և խոշոր բիզնեսը։ Մասնավորապես, ակումբի անդամ կարող են դառնալ արտասահմանյան այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը 1 մլն դոլար է, իսկ հայաստանյան ընկերություններինը՝ 400 հազար դոլար։ Նա ընդգծեց, որ միությանն անդամակցելու համար անհրաժեշտ է երաշխավորություն։
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ միության հիմնադիր-նախագահն ասաց, որ հուլիսի 1-7-ը Հայաստանում նախատեսում են անցկացնել ամենամեծ տնտեսական համաժողովը, որին ներկա կլինեն «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղերի բոլոր անդամները։ «Դա լիելու է տարվա ամենամեծ տնտեսական իրադարձությունը, որի կազմակերպման համար ջանք ու եռանդ չենք խնայելու»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով պետական մարմինների հետ համագործակցությանը, Վահրամ Միրաքյանն արդյունավետ գնահատեց Էկոնոմիկայի նախարության հետ համագործակցությունը, սակայն նույնը չկարողացավ ասել Պետական եկամուտների կոմիտեի մասին։
«Մենք ամենամեծ գործարար համայնքն ենք և մեզ հետ որևէ հանդիպում չի եղել, չնայած մի քանի անգամ փորձել ենք։ ՊԵԿ նախագահն ընդհանրապես բիզնեսի հետ չի հանդիպում, ինչը բացասական է, քանի որ արդյունքում իրենք միակողմանի պատկերացումներ ունեն տնտեսության մասին»,- ասաց Վահրամ Միրաքյանը։
«Սմարթ Փրոդաքշն» ՍՊԸ-ն «Մանթաշյանց»-ին է միացել 4 տարի առաջ։ Ընկերության հիմնադիր Նարեկ Տեր-Ավետիսյանը խոստովանում է, որ սկզբնական շրջանում չէր պատկերացնում, թե իրենց որքան մեծ օգուտ կարող է տալ ակումբը։
«Հիմա ակտիվ մասնակցում եմ ակումբի կրթական ծրագրերին, որոնց շնորհիվ նաև իմ ընկերության աշխատակիցներն են ստանում նոր գիտելիքներ։ Դա էլ իր հերթին նպաստում է բիզնեսի զարգացմանը, նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանում ճիշտ ծավալվելու և արդյունքներ գրանցելու համար»,- ասաց Նարեկ Տեր-Ավետիսյանը։
Նշենք, որ «Մանթաշյանց»-ում յուրաքանչյուր տարի ավելի քան 650 միջոցառում է իրականացվում: Այն հնարավորություն է տալիս միության ցանկացած անդամի գտնել իրեն հետաքրքրող միջոցառումներն ու առավելագույնն օգուտ ստանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան