ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել
ՔՊ-ական Արսեն Թորոսյանի առողջապահության նախարար եղած ժամանակ կորոնովիրուսի համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել։ Քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել էր «Մեդլայն կլինիկ» ԲԿ փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Այդ գործով կալանավորված է նաև նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը ու Երևանի փոխքաղաքապետ, նախկինում Արսեն Թորոսյանի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ, որը, ըստ մամուլի հրապարակումների, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։
Մամուլը գրել էր, որ այս գործով ձերբակալություններն առաջիկայում հասնելու են առողջապահության նախարարություն։
Հակակոռուպցիոն կոմիտեից սրա վերաբերյալ Panorama.am-ին որևէ մեկնաբանություն չտվեցին։ Ընդհանրապես, այս գործին կոմիտեն փորձում է հանրային հնչեղություն չտալ։ Պատճառներից մեկն էլ կարող է լինել իշխանության մաս կազմող գործիչների հովանավորչությունը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ կոմիտեի, ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի գործունեության մասով շրջանակն ընդլայնվում է՝ հասնելով առողջապահության նախարարություն
- «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից
- Արսեն Թորոսյան. Չեմ պատրաստվում մանդատը վայր դնել
- Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանի զեկույցում սխալներ է գտել
- «Հրապարակ». «Մեդլայն»-ի տնօրենին և փոխքաղաքապետին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն
- «Մեդլայն կլինիկ»-ի փոխտնօրենը ևս կալանավորվեց
- Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը