Իմ երեխան հրազենից չի զոհվել, վրաերթի են ենթարկել փախուստի դիմող սպաները. զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայր
«Մեր իշխանությունը բռնազավթած ստահակը հանձնում է բոլոր ստրատեգիական օբյեկտները, հատկապես ճանապարհները, օդանավակայնները, ջրամբարները»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով երեկ է վերադարձել Կապանից։
Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ քայլելով կմտնեն Երևան. «Հասկանում եմ հիմա, թե ինչ է նշանակում։ Եթե այդ ամենը լինելու է իրենց վերահսկողության ներքո… Արցախում հիմա ուզում են, լույսն են անջատում, ճանապարհները փակում, նույնն անելու են Հայաստանի ու Հայաստանի բնակչության հետ։ Բոլոր պայմանները հիմա տեսնում ենք»։
Անդրադառնալով Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների գործին, Նաիրա Մելիքյանը նշել է, որ մինչև օրս որևէ ոստիկան չի պատժվել, անգամ աշխատանքից չի հեռացվել, թեև մեկ տարի առաջ գործ էր հարուցվել։
«Միշտ ասել եմ, այս խունտան եկել է միայն մեր պետությունը քանդելու, ոչնչացնելու նպատակով, հետևաբար որևէ կառուցողական բան սրանց կողմից, առավել ևս արդաադատության իրականացում, սպասելը միամտություն է, եթե ոչ հիմարություն։
Ո՞վ պետք է պատժեր։ Քյարամյա՞նը։ Նախ Քյարամյանն ինքն իրենով փոքրիկ ոչնչություն է, նա ենթարկվում է Փաշինյանի հրամաններին, ինչպես և դատախազը»։
Նա նաև հայտնեց, որ Վահան Շիրխանյանին 7 հազար դոլար է տվել որդուն Բաքվի բանտից իբրև թե ազատելու համար:
«Քննչականը քանիցս կանչել է առերեսման, Վահան Շիրխանյանը չի ներկայանում։ Քննչական կոմիտեն, որը 5 վայրկյանում ում ասես բերման կենթարկի, չի կարողանում մեկ ճիվաղին բերել առերեսման։
Այն մարդը, որին Շիրխանյանը ներկայացրել է որպես նախկին հետախույզ, և որն իբր պետք է զբաղվեր որդուս ադրբեջանական բանտից ազատելով, հիմա բռնված է։ Շիրխանյանն ինքն է նրան բերել, ներկայացրել, համոզել է ինձ ու նախաձեռնել այդ աֆերան։ Տղայիս մասին 13 ամիս լուր չկար։ Բոլոր նրանք, ովքեր վերջում էին լքել դիրքերը, ասում էին՝ մինչև վերջ ողջ է եղել Հայկը, ոտքերից վիրավոր։
Հիմա նրան բերման չեն ենթարկում, քանի որ իշխանության գլխավոր վայրահաչողներից է ընդդեմ երկրորդ ու երրորդ նախագահների, իշխանության մարդն է»,-նշել է Մելիքյանը։
Նա ասել է, որ դասալիք համարում է ներկայիս իշխանություններին. «Հաշվի առնելով նրանց՝ ԱԺ աղբանոցն ու կառավարությունը, երևի 11 հազար իրենք նկատի ունեն հենց իրենց»։
«Իմ երեխան հրազենից չի զոհվել, վրաերթի են ենթարկել փախուստի դիմող սպաները, անցել են իմ երեխայի ոտքերի, մեջքի վրայով, այդպես թողել են երեխայիս այդ ցավի մեջ։ Տղաս ընկերներին ասել է՝ գոնե ինձ սպանեք, նոր գնացեք, որ թուրքերի ձեռքը չընկնեմ, ասել է՝ գոնե թողեք ինձ մոտ փամփուշտներ, ինչքան կարող եմ...»,- պատմել է Ն. Մելիքյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այո, մտել ենք քաղաքականություն և ունենք ամբիցիա․ Նաիրա Մելիքյան
- Նաիրա Մելիքյան. Թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տներում, մեր հողում մեր փոխարեն ապրելու
- Կներեք, մի հատ էլ նկարը դոշներիս կպցնենք նոր գնա՞նք,ամեն անգամ մի հատ էլ ստորանա՞նք․ Նաիրա Մելիքյան
- Ես ամեն օր մտածում եմ և հասկանում՝ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, տատ էլ չեն ասելու. Նահատակված Հայկ Մելիքյանի մայր
- Փաշինյանի իշխանության մնալու յուրաքանչյուր օր մեր պետության համար աղետ է․ Նաիրա Մելիքյան
- «Քանի որ էլ երկիր չենք ունենալու, պահելու բան չի լինելու». զոհված Հայկ Մելիքյանի մայր
- Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին