«Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելով՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տարբեր հայտարարություններ է արել։ Դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանին։
Դավիթ Բաբայան-Ես չեմ ուզում մեկանաբանել իր կամ որևէ մեկի հայտարարությունը, դա իմ մասնագիտությունը չէ։ Ես կարող եմ ասել հետևյալը. Արցախն ինքնորոշվել է, ինքնորոշվել է իր անքակտելի իրավունքի հիման վրա, ինքնորոշվել է Խորհրդային միության գործող և միջազգային օրենքներին խիստ համահունչ։ Հետևաբար, սա մի փաստ է, և մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում։
Ավելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի Արցախը։ Հասկանալի է, որ տեսականորեն կարելի է մտածել, որ բարելավումը կարող է բերել բարեկեցության, ներդրումների, բայց, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մենք ներդրում ենք ունենում մեր սեփական թաղման գործում, թաղման գործընթացն ենք ֆինանսավորում։ Կարծում եմ, սա շատ պարզ է բոլորի համար։
Panorama.am-Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս», «մենք ճանաչել ենք, բայց չենք ասել և բոլոր պատերազմները, կռիվները դրա հետ են կապված եղել»։
Դավիթ Բաբայան-Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այդ թվում նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով Արցախում բացեիբաց ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետևաբար ինչի՞ մասին է խոսքը, որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանի մաս է։ Ալիևն ինքն է հայտարարել, որ ամբողջ աշխարհն իրեն ճնշում է, որ ճանաչի Արցախի անկախությունը։
Panorama.am- Փաշինյանը նաև հայտարարել է, որ Արցախի Հանրապետության (ինքն ասել է՝ Լեռնային Ղարաբաղի.- խմբ) իշխանությունը տեղյակ է եղել իր բոլոր քայլերին։ Արդյո՞ք տեղյակ է եղել, հավանություն է տվել կամ չի տվել։
Դավիթ Բաբայան- Ես չգիտեմ՝ ինչ քայլերի մասին է ինքն ասում, թող անուններ տա՝ ով էր տեղյակ, ով տեղյակ չէր, մեզ համար գոյություն ունի ընդհանուր մոտեցում, տեսլական. Արցախի ժողովրդի և իշխանության տեսլականը չի փոխվել։
Panorama.am-Շնորհակալություն։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Այ կապիտուլյանտ,դու էիր ԱԺ-ում ասում՝ ինչ պետք է,դա էլ բանակցում եմ
- Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Արցախի իշխանությունները այդ հանցավոր խմբի անդամներն են. Մետաքսե Հակոբյան
- Նաիրա Կարապետյան. Նիկոլի այսօրվա ելույթը հրեշավոր խոստովանություն էր
- Ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է. Նիկոլ Փաշինյան
- Քաղաքագետ. Ըստ էության, սա էր ասում Մահաբերը
- Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
- Մեր մեծագույն մոլորությունը՝ անկախ պետական գիտակցությունը. Փաշինյան
- Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան