Ովքե՞ր են հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին
Երևանի քաղաքապետի ընտրություններ դեռ նշանակված չեն, հայտնի էլ չեն՝ կլինեն հերթական, թե՞ արտահերթ ընտրություններ, սակայն նշմարվում են թեկնածուները։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանի (Դոգ) ու Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու ձերբակալությունն էլ ոմանք դիտարկում են հենց առաջիկա ընտրությունների համատեքստում։
Այս պահին պարզ է, որ իշխող ՔՊ-ն մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու է Տիգրան Ավինյանի դեմքով։ Այդ մասին հայտարարել է նաև Ավինյանը դեռ ամիսներ առաջ՝ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով առաջացած ավերակներ այցի ընթացքում։
Քաղաքապետ դառնալ կփորձի նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Այդ մասին նա հայտարարել է օրեր առաջ. «Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում»։
Դոգի գործով տուժող Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը վաղուց է հայտարարել, որ առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու։
«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,-ասել էր նա։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է ինքը։
«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին»,-նշել է նա։
Ազգային առաջընթաց կուսակցության Վարչության անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանն էլ հարցազրույցներում արդեն ներկայանում է որպես քաղաքապետի թեկնածու։ Նա ֆեյսբուքյան իր էջում հաճախ է բարձրաձայնում մայրաքաղաքի խնդիրների մասին։
Որքան մոտենան ընտրություններն, այնքան կմեծանա թեկնածուների թիվը։ Հետաքրքիր է, որ խորհրդարանական ընդդիմությունն առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի և այլն հարցերի մասին դեռ ոչ մի հայտարարություն չի արել, շրջանառվում են տարբեր անուններ, սակայն դրանցից որևէ մեկի առաջադրման վերաբերյալ պաշտոնական հաստատում չկա։
«Չունենք որևէ որոշում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու, բայց մշտապես մասնակցելու ենք ցանկացած քաղաքական միջոցառման, որը մեկ քայլով մեզ մոտեցնելու է մեր նպատակներին, իսկ այդ նպատակների մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,-մարտի 17-ին «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ի դեպ, մամուլը չէր բացառել նաև նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի մասնակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Մնացականյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
- Ահազանգ. Երևանի կենտրոնում գտնվող հերթական կանաչապատ տարածքը երեխաներից ու բնակիչներից կբռնազավթվի
- Նորիկյան. Ըստ ամենայնի, Երևանի ավագանու ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական
- Արթուր Վանեցյան. Մշտապես մասնակցելու ենք ցանկացած քաղաքական միջոցառման
- Երևանի ավագանու ընտրություններին «Միացյալ Հայաստան»-ի ցուցակը կգլխավորի Երվանդ Թարվերդյանը
- «Ժողովուրդ». Հայկ Մարությանը սկսել է տատանվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում
- Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նատալյա Ռոտենբերգ. Տեղեկացվում եմ Երևանի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ
- Նատալյա Ռոտենբերգը կառաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան