Ծաղկաձորի անտառային տարածքում ծառեր են արմատախիլ արվում
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի անտառապատ տարածքում ծանր տեխնիկայով ծառեր են արմատախիլ արվում։
«Հետք»-ի նկարահանող խումբը Ծաղկաձորից փոխանցում է, որ էքսկավատորով ծառերը քանդելուց բացի՝ ճանապարհ է բացվում դեպի անտառի խորքը։ Քանդման աշխատանքներն իրականացվում են Ծաղկաձորի Օլիմպիական փողոցում՝ օլիմպիական մարզահամալիր տանող ճանապարհի աջ մասում։
Անտառային տարածքում հողային աշխատանքներ կատարողները «Հետք»-ի լրագրողներին տեսնելուց հետո դադարեցրել են տեխնիկայի աշխատանքը, սակայն տարածքից լրագրողների հեռանալուց հետո՝ շարունակել:
Ստորև ներկայացված տեսանյութն ու լուսանկարները բավարար են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար՝ տեղի ունեցողը դադարեցնելու և ուսումնասիրություն սկսելու համար։
Թարմացում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմն Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ տեսչական մարմնինը «Հետք»-ի հրապարակման հիման վրա ուսումնասիրություն է սկսել։ Նյութերը փոխանցվել են տեսչական մարմնի տարածքային բաժին։