ՍԱՏՄ-ն հայկական հումքով աշխատող կաթնամթերք արտադրողներին հորդորում է դիմել իրենց
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում:
ՍԱՏՄ-ից հայտնում են՝ ՌԴ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ:
Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում և պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։
«Ըստ այդմ՝ Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում ենք դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը:
Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները»,-ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում բանակցում են՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման վերականգնման շուրջ
- Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան