Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի:
Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1.Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։
2. Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։
3. ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան