Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը Ֆիլհարմոնիայի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում ապրիլի 25-ին, ժամը 19:00 հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում։ Կհնչեն Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի և Կոմիտասի ստեղծագործությունները։
Ֆիլհարմոնիայից մանրամասնում են՝ հաջորդ օրը, ապրիլի 26-ին, նույն դահլիճում Ալեքսեյ Լյուբիմովը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Այնուհետև ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա դաշնամուրի լեգենդի մենահամերգը։ Դասական ու ժամանակակից երաժշտությունից բացի՝ Լյուբիմովը կկատարի նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Մանսուրյան)։
Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։ Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։
Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան