Պետրոսյան. Հսկող դատախազը, ԱԱԾ տնօրենը պետք է իմանան՝ պատասխանատվության են ենթարկվելու Խաչատուրովին ապօրինի կալանավորելու համար
«Մենք գտնում ենք, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության համար համար պետք է հանրային աջակցություն»,-լրագողների հետ հանդպմանը հայտարարեցին Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամները։
Նախաձեռնող խմբում ընդգրկված է 12 անդամ՝ այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։
«Եթե մենք իսկապես ապրեինք իրավական երկրում, ապա կարծում եմ, որ միայն պաշտպանի ներկայությունը բավարար կլիներ, որ ենթադրյալ կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված լինեին։ Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտենք, թե իրավունքը որքանով է հարգվում իշխանության, իրավապահ համակարգի կողմից»,-ասաց նախաձեռնության խմբի անդամը։
Նրա խոսքով, սա միայն Գրիգորի Խաչատուրովի խնդիրը չէ, զինվորականության դեմ է, քանի որ «այսօր հանիրավի բանտերում են գտնվում մեր ընկերները՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ մեղադրանքներ են հարուցված։ Եթե արդար քննություն լինի, ապա ավազի վրա կառուցված տան նման կքանդվեն այդ գործերը»։
Նախաձեռնող խմբի անդամ, արդադարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ նշեց՝ երկար տարիներ քննչական մարմիններում է աշխատել, ղեկավարել է տարբեր ստորաբաժանումներ։
«Մի քննիչ ունեինք, որ նախաքննության ավարտից հետո քրեական գործը դնում էր սեղանի հեռու անկյունում ու նստում մեղադրական եզրակացություն էր գրում, հետո պարզվում էր, որ քրեական գործն ու մեղադրական եզրակացությունն իրար հետ ընդհանրապես կապ չունեին։ Հիմա այսօր Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվում է արարք, այն կարդալով նույն տպավորությունն եմ ստանում, որը ձեզ նկարագրեցի։ Քննիչն ու դատախազն ինչ ֆանտաստիկ երևակայութհուն, ինչպիսի մտածողություն են ունեցել, որ կարողանան նման հիմար ձևակերպումներ օգտագործել»,-ասաց Պետրոսյանը։
Նա ցիտեց՝ 2004-2010 թվականներին Գ. Խաչատուրովը, լինելով N զորամասի հրամանատար, իբր թե տեղակացել է, որ ՊՆ հաշվեկշռում կա 1.2 հա հողատարածք ու անշարժ գույք, տեղյակ է եղել, որ Անշարժ գույքի կոմիտեի աշխատակիցները որոշել են այդ գույքն օտարել «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված արգելքի պայմաններում, կադաստրային արժեքից մի քանի անգամ էժան։
«Պատկերացրի՞ք քննիչի ու հսկող դատախազի ձևակերպումները։ Այն, ինչ որ ասում եմ, դրանց վերաբերյալ քրեական գործում որևէ ապացույց չկա։ Ավելին, իբր Գրիգորի Խաչատուրովը խնդրել է Սեյրան Օհանյանին, նա էլ համաձայնել է, որ այն ձևակերպվի Խաչատուրովի ընկերոջ՝ եթե չեմ սխալվում, Էդգար Արշակյանի անունով։ Պատկերացնում եք, իբր այդ կերպ հողատարածքն անցել է Խաչատուրովի սեփականության ֆոնդին»,-ասաց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ գործը դատարան է ուղարկվել գաղտնի գրիֆի ներքո քննություն անցկացնելու, նիստերն անցկացվելու են դռնփակ, ասաց՝ արդարադատության նկատմամբ վստահություն չկա, նույնիսկ դռնբաց նիստերի ժամանակ թույլ են տրվում խախտումներ։
«Ավելի լուրջ ապօրինություններ կիրականացվեն Գրիգորի Խաչատուրովի գործով փակ դատական նիստերի ընթացքում։ Իմ նկարագրած դեպքով ծառայողական որևէ գաղտնիք չկա, սրանք դիտավորյալ որոշել են այս գործերը միացնել 12 մեղադրյալի վերաբերյալ, ուղարկել դատարան, որպեսզի Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը քննվի դռնփակ»,-ասաց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ Խաչատուրովին մեղսագրվող արարքի վերաբերյալ ապացույցներ չկան, ողջ գործը կառուցվել է հարակից հողատարածքում գործող պոմպակայանի մեխանիկի պատմածի վրա, վերջինն ասել է՝ լսել է, որ այդ հողը պատկանում է Գրիգորի Խաչատուրովին, իրեն պատմել է մի անձ, որը վաղուց հանգուցյալ է։
«Ահա ամբողջ քրեական գործը կառուցված է սրա վրա, որը փաստ ասել չի կարելի։ Հետևանքների մասին եմ ուզում ասել, իրավապահ մարմինները, որոնք կատարել են այս խայտառակությունը՝ հսկող դատախազ, գլխավոր դատախազ կոչեցյալ, քննիչ, ԱԱԾ տնօրեն պետք է հասկանան, որ վաղը պատասխանատվության ենթարկվելու են Գրիգորի Խաչատուրովի ապօրինի ձերբակալելու ու կալանավորելու համար»,-ասաց նա՝ հիշեցնելով Քրեական օրենսգիրքի 478 հոդվածի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի. Աբրահամյան
- Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Թևանյան
- Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը. Միհրան Պողոսյան
- Ամեն ինչ արվել է Գրիգորի Խաչատուրովի բարի համբավը պախարակելու համար. Պաշտպան
- Դատարանի որոշումն անհիմն է և ապօրինի. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
- Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին