«Փաստ». Որքա՞ն ենք մնալու լայն փակված աչքերով
«Փաստ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ-կիրակին լեցուն էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման բեմականացված արարողության ժամանակ տեղի ունեցածի՝ ադրբեջանական դրոշն այրելու և դահլիճից դուրս հանելու վերաբերյալ այլազան քննարկումներով, ամենատարբեր մարդկանց անդրադարձներով, այդ թվում՝ քպական ներկայացուցիչների արտառոց ներողություններով առ «միջազգային հանրություն»: Ու այդ ալիքը դեռ շարունակվում է:
Ըստ որում, ալիքն այնպես է կլանել շատ-շատերին, որ թվում է, թե այլևս ուրիշ խնդիր չկա: Ինքը՝ Փաշինյանը, որի կյանքը, կարծես, ընթանում է ինչ-որ զուգահեռ-վիրտուալ իրականության մեջ, ապրիլի 16-ին իր սիրելի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն:
Էներգիա և ֆինանսներ» խորագրով կոնֆերանսի բացմանը, ելույթ էլ է ունեցել... Ծափ տվեք... Մյուս կողմից՝ այն պահին, երբ ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման վերջին նախապատրաստություններն էին տեսնում, «Եռաբլուրում» հողին էին հանձնում Տեղի մոտ զոհված մեր զինվորականներից մեկին: Իրենց ծննդավայրերում՝ մյուս երեք զոհված տղաների հուղարկավորությունն էր: Իրակա՛ն, ո՛չ վիրտուալ Հայաստանում:
Այն ժամանակ, երբ իշխանական գվարդիան, Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը հարմար տեղավորված, ՄՀՀ-ում ուրախ-զվարթ ծափողջույններ էր հղում և գլուխ գովում, որ այդ մարզական միջոցառումը Հայաստան են «բերել», ադրբեջանական իշխանությունները շարունակում էին Արցախի շրջափակումը:
Այդ նույն ժամանակ շարունակվում էր ու տակավին շարունակվում է Հայաստանի օկուպացիան՝ ադրբեջանական ագրեսորների կողմից, որոնք ամրանում են հայկական տարածքներում, խրամատավորվում ու «տնավորվում» են ընդամենը մի քանի տարի, անգամ՝ մի քանի օր առաջ հայ հողագործին պատկանող արտերում ու դաշտերում, ինչպես դա տեսնում ենք, օրինակ՝ Տեղում, թեպետ միայն դա չէ: Առհասարակ, որ մի թելն էլ թեթևակի քաշես, այնքան խնդիրներ կթափվեն, որ էլ ասելու չէ:
Բայց պարզվում է, որ մի կարտոֆիլամարտը, մի ապտակախառը հարվածը, մի կարկառուն քպականի անհեթեթ հայտարարությունը կամ խուլիգանական վարքը, մի խոսքով՝ «օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան ու Հայաստանը կրծոտելով զավթելը, քան կենսական իրողություններն ու շոշափելի սպառնալիքները... Ու որքա՞ն ենք մնալու այդպես՝ լայն փակված աչքերով: «Մինչև վե՞րջ...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները