Տեղի ավագանու ընդդիմադիր անդամին ծեծելու վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում չի ստացել
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանն այսօր հայտարարել էր՝ ապրիլի 18-ին համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։ Սակայն ոստիկանությունը մինչ այս պահը դեպքի վերաբերյալ հաղորդում չի ստացվել։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, այդ դեպքի հետ կապված որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել։
Հիշեցնենք, որ իրեն ծեծի ենթարկելու մասին Մասիս Զեյնալյանը հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը։
Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։
Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։
Հարակից հրապարակումներ`
- Տեղ համայնքից ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել.Արմեն Խաչատրյան
- Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել